Արմեն Սարգսյանին կրկին դրական են գնահատել

2019թ-ի հոկտեմբերի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 487 հոդված, որոնցից 14-ը եղել է բացասական, 25-ը՝ դրական, 448-ը՝ չեզոք։

Նախագահ Արմեն Սարգսյանը մի քանի շաբաթ է դրական է գնահատվում լրատվական դաշտի կողմից, ըստ այդմ՝ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության մշտադիտարկումների ժամանակ նրա մասին հայտարարագրվում են ավելի շատ դրական հոդվածներ։

Քննադատվում են Արմեն Սարգսյանի պարբերական և հաճախակի գործուղումները։ Հրապարակումներից մեկի մեջ ասված է. «Հարգանքներիս հավաստիքը պարոն Արմեն Սարգսյան` կարո՞ղ է պատահաբար պաշտոնական այցով Հայաստանում եք»։

Արմեն Սարգսյանին քննադատում են նաև ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացներում լռություն պահելու համար։ Հիշեցնում են, որ Արմեն Սարգսյանը ՀՀ Սահմանադրության պահպանման երաշխավորն է։ Հրապարակումներից մեկում համեմատական է անցկացվել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի և Արմեն Սարգսյանի միջև։ Հոդվածում ասվում է, որ Ջիանի Բուքիքիոն անում է այն, ինչ պետք է աներ նախագահ Արմեն Սարգսյանը։

Չեխիայից Հայաստան վերադարձած ընտանիքը կրկին վերադարձել է Չեխիա։ Ընտանիքի հայրն աշխատանքի խնդրանքով նամակներ էր գրել նախագահ Արմեն Սարգսյանին և մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների, բայց որևէ արձագանք չէր ստացել։

Նշվում, որ Սերբիան Հայաստանի դեսպանատուն կբացի և կչեղարկի մուտքի վիզաները։ Հրապարակման մեջ ասված է, որ դեռ հոկտեմբերի սկզբին Արմեն Սարգսյանն այդ հարցով պաշտոնական այց էր ունեցել Սերբիա։
Դրական է գնահատվել նաև, Արմեն Սարգսյանի հոկտեմբերի 27-ի կապակցությամբ Բախշյանների ընտանիքին ուղղված ուղերձը։ Արմեն Սարգսյանը նաև դասախոսությամբ հանդես է եկել Տոկիոյում։