Ազատությունը ներկայացրել է միայն Արայիկ Հարությունյանի կարծիքը

Ազատություն TV-ի հոկտեմբերի 7-ի լուրերի թողարկմանն անդրադարձ կար ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջող դաշնակցականների ցույցին։ Ռեպորտաժն ամբողջությամբ կառուցված էր Արայիկ Հարությունյանի խոսքի վրա։ Կառավարության նիստից հետո ճեպազրույցի ընթացքում Ազատության լրագրողը Արայիկ Հարությունյանին հարցրեց՝ Դուք կարծո՞ւմ եք տեղի դաշնակցության ներկայացուցիչները, ղեկավարությունը կապված են նախկին իշխանությունների հետ և փորձում են արհեստական խնդիրներ հարուցել կառավարության համար։ Արայիկ Հարությունյանն արձագանքեց․ «Բնականաբար։ Ինչու նրանք սկսեցին աղմկել հատկապես կրթության ոլորտի բարեփոխումներից հետո, որովհետև տապալել են բազմաթիվ անգամ էս ոլորտի համակարգումը։ Ես պատրաստվում են էն արկղերը, որ բերել են լցնեմ տասնյակ և շատ ավելի քրեական գործերով, որոնք վերաբերում են էս ոլորտին և հետ ուղարկեմ իրենց»։ Բացի այդ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ դաշնակցությունը անդաստիարակ պահվածք է դրսևորում։ Հայտարարության վերաբերյալ լրագրողը դաշնակցական որևէ ներկայացուցչից չէր փորձել մեկնաբանություն ստանալ։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը պարբերաբար ֆիքսում է, որ Ազատության լրագրողները ռեպորտաժները միակողմանի են ներկայացնում։ Կրկին կոչ ենք անում առաջնորդվել ոչ թե սեփական նախասիրություններով, այլ լրագրողական սկզբունքներով։