Արայիկ Հարությունյանի մասին դիտարկվել են թե՛ դրական, թե՛ բացասական հոդվածներ

2019թ-ի հոկտեմբերի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 322 հոդված, որոնցից 36-ը եղել է բացասական, 26-ը՝ դրական, 260-ը՝ չեզոք։

Նախարար Արայիկ Հարությունյանի մասին դիտարկվել են թե՛ դրական, թե՛ բացասական հոդվածներ։

Քննադատվել են Արայիկ Հարությունյանի պարբերական այցերը Ֆրանսիա։ Հրապարակումներից մեկի մեջ ասված է, որ նախարարը պետբյուջեի հաշվին ամեն ամիս գնում է Ֆրանսիա։ Նշվում է, որ Արայիկ Հարությունյանը ֆրանսիայում է լինելու նոյեմբերի 12-ից 14-ը և Ֆրանսիայում է եղել հոկտեմբերի 17-ից 19-ը։ Նա մասնակցել էր Կոմիտասի ծննդյան 150-ամյա հոբելյանի առթիվ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կազմակերպված համերգին:

Քննադատության են արժանացել նաև Հայոց եկեղեցու պատմության դուրսբերումը հանրակրթական ծրագրից, Մելինե Դալուզյանի մասին ֆիլմին 20 մլն դրամ տրամադրելը։ Նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը գրել էր․ «Ոչ մի պատահականություն չկա. նախարար է մի մարդ, ով մի ձեռքով պետական բյուջեից 20 միլիոն դրամ է հատկացնում կնոջից տղամարդ դառնալու «հերոսական» ուղու մասին ֆիլմի համար, մյուս ձեռքով` հանրակրթական դպրոցներում արգելում է «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդումը: Եվ այդ «փառապանծ» գործի համար բյուջեից ամսական 1.5 միլիոն դրամ է ստանում՝ գաղտագողի, սերմացու գողացող մկան նման: Ինչո՞ւ են անում: Որովհետև «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան իմացողները նաև հնարավոր է հավատավոր քրիստոնյաներ դառնան, իսկ այդ դեպքում բիբլիական մեղքը հնարավոր չի լինի հերոսացնել ու մեծարել»:

Արայիկ Հարությունյանին քննդատել է նաև ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Նա անընդունելի է համարել հայոց լեզու, գրականություն ու հայոց պատմություն առարկաների ոչ պարտադիր դարձնելը։ Ի դեպ, երեկ ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողները դասադուլ էին անում, նրանց էին միացել նաև շատ դասախոսներ, որոնք նշում էին, որ հիմնավորումներ չեն ներկայացվել, նման վիճահարույց օրինագիծը հասարակական լայն քննարկման չի դրվել։ Իսկ ՀՅԴ երիտասարդները Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով նախարարության շենք էին գնացել՝ նախարարին օգնելու իրերը հավաքել։

Որպես դրական են դիտարկվել այն հրապարակումները, որոնցում ասված է, որ 2020-ին դպրոցներ են վերանորոգվելու։ Արայիկ Հարութունյանը նաև նշել է. «Կրթական կարիքների համար նախատեսված վարկավորման հատուկ ծրագրի շրջանակում վարկ ստացող անձանց թիվը կավելանա գրեթե 1500-ով»: