Ալեն Սիմոնյանի մասին այս շաբաթ դրական հոդվածներ չեն դիտարկվել

2019թ-ի հոկտեմբերի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 177 հոդված, որոնցից 48-ը եղել է բացասական, 129-ը՝ չեզոք։

Աժ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի մասին այս շաբաթ դրական հոդվածներ չեն դիտարկվել։

Հասարակական և լրատվական դաշտում կարծիք է ձևավորվել, որ Ալեն Սիմոնյանն իր վրա է վերցնում տարբեր հարվածներ, մեկնաբանում է ամենաքննարկվող թեմաները՝ ստանալով որոշակի հրահանգներ։

Արտակ Զաքարյանն, անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այն խոսքին, որ Սերժ Սարգսյանը վախենում է, ասել է․ «Ինչ վերաբերում է վախին, ապա բոլորդ էլ վախեցեք Ալեն ջան, ամեն ժամ վախեցեք, բավական է ինչքան «դուխով» եք եղել։ Վախենալը հասունության, խելացիության եւ ուժի նշան է։ Իսկ քաղաքականության մեջ համարձակության, հերոսության, վճռականության ու իմաստության հետ մեկտեղ նաեւ վախերն են ստիպում մտածել ու գործել հանուն ավելի լավ ապագայի»։

Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն, ըստ մամուլի, ակնարկել է, որ Հրայր Թովմասյանի դեմ քաղաքական արշավ է սկսվել։ Մամուլն անդրադառնալով այս դեպքին գրել է. «Բուքիքիոյի հայտարարությունից հետո տարօրինակ կերպով միանգամից կտրուկ ակտիվացավ իշխանության «ֆեյսբուքյան» սեգմենտը, ու սկսեցին ֆլեշմոբ հիշեցնող «շնորհակալությունների» շարք տարածել և իրենց երախտագիտությունը հայտնել Վենետիկի հանձնաժողովին նման հայտարարություն անելու համար։ Այս հարցում բավական ակտիվ էին, մասնավորապես, Ալեն Սիմոնյանն ու Ռուբեն Ռուբինյանը, ովքեր նույն ժամին, նույն րոպեին, նույն տեքստն էին հրապարակում ֆեյսբուքյան տիրույթում։ Ի դեպ, փաստացի երկուսն էլ պարզապես խեղաթյուրում էին Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին Վենետիկի հանձնաժողովի նախագահի հայտարարությունը»։