Ազատության ռեպորտաժը միակողմանի էր ու ոչ ամբողջական

Ազատություն TV-ի նոյեմբերի 7-ի թողարկմանն անդրադարձ կար ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի վերջին հայտարարությանը, թե Ազգային Ժողովը մազաչափ անգամ չի մոտեցել Սահմանադրական դատարանի ճգնաժամի հանգուցալուծմանը։ Լրագրողը դատավորի այս մտքի շուրջ մեկնաբանություն էր ստացել միայն Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանից, ով ասել էր, որ ԱԺ-ն ՍԴ դատավորների գերին չէ։ Լրագրողը ռեպորտաժն ամբողջությամբ կառուցել էր մեկ պատգամավորի խոսքի վրա։ ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները ներկայացվում էին ըստ Վահե Գրիգորյանի, ով ասում էր, որ միայն ինքն ու Արման Դիլանյանն են դատավոր համարվում, մինչդեռ չէր նշվում, որ դատավոր Վահե Գրիգորյանը ՍԴ նիստերին չի մասնակցում և այդ մասին ասել էր նաև Ազատության հետ հարցազրույցում․ «Ես իսկապես չեմ մասնակցել որևէ նիստի այդ դատարանում անցկացված, և Սահմանադրական դատարանի անդամներին բացատրել եմ իմ չմասնակցելու պատճառները, մասնակի բացատրել եմ այդ պատճառները: Աշխատավարձ և աշխատավարձին հավասարեցված վճարներ իսկապես ստանում եմ: Չեմ օգտվում մնացած բոլոր այլ արտոնություններից, ինչ-որ մի պահ օգտվում էի»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում Ազատության լրագրողին պահպանել բազմակողմանիության սկզբունքը, իրադարձությունները ներկայացնելիս չխախտել ժամանակագրությունը ու փաստերը ներկայացնելիս նախապատվություններով չառաջնորդվել։