Freedom House-ը հրապարակել է համացանցի ազատության մասին իր ամենամյա զեկույցը

Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է համացանցի ազատության մասին իր ամենամյա զեկույցը (Freedom on The Net 2019):

Իրավապաշտպան կազմակերպությունը ուսումնասիրել է համացանցի ազատությունը 6 տարածաշրջանների 65 երկրներում։  Հայաստանը ստացել է 76 միավոր և մշտադիտարկված երկրների ցանկում հայտնվել 8-րդ հորիզոնականում։ Արդեն երկրորդ անգամն է, ինչ Հայաստանը դասվում է ազատ երկրների շարքին։  2018 թվականի զեկույցում ևս Հայաստանը ազատ երկրների շարքում է եղել։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ուսումնասիրությունները չեն համընկնում Freedom House-ի դիտարկումների հետ։ Պետք է նշել, որ համացանցային մամուլը 2018-2019 թվականներին աննախադեպ թվով դատական հայցեր է ստացել, թվով՝ 91։

2018-2019 թվականներին քրեական գործեր են հարուցվել համացանցում գործող էջերի նկատմամբ, որոնք դասակարգվել են որպես «Ֆեյք», անգամ տեղի է ունեցել ձերբակալություն։

Այս ժամանակահատվածում ուժայինները մուտք են գործել բացառապես համացանցում գործող Yerevan.today և Aysor.am լրատվականների խմբագրություններ, առաջինի դեպքում առգրավվել է է լրատվականի տեխնիկան։

Վերջին շրջանում ակտիվացել են լրագրողների նկատմամբ ճնշումները և որոշ հրապարակումների համար անգամ լրագրողները կանչվել են ՀՔԾ, որպեսզի բացահայտեն հոդվածի իրենց աղբյուրները։ Խոսքը, մասնավորապես, Hayeli.am և Armlur.am կայքերի գլխավոր խմբագիրներին է վերաբերվում։

ankakh.com կայքի գլխավոր խմբագիր Վարդուհի Իշխանյանն իր ֆեյսբուքյան գրառման համար հրավիրվել է ոստիկանության 6-րդ վարչություն։ Վարդուհի Իշխանյանը մերժել է հրավերը, որից հետո՝ շուրջ 15 րոպե, նրա բնակարան մուտք գործելու փորձ է եղել, որպեսզի նա ինչ-որ թղթեր ստորագրի։

Առցանց մամուլում գործող լրատվականները պարբերաբար բաժանվում են սևերի և սպիտակների, յուրայինների և ոչ յուրայինների։ Մասնավորապես, հարձակում էր տեղի ունեցել Hayeli.am-ի վրա։ Մի խումբ երիտասարդներ ակումբի արտաքին պատին ձվեր էին նետել, վիրավորական պաստառներ փակցրել, ապա՝ հայտարարել, որ եթե դուռը բաց լիներ, նույնը ներսում էին անելու։

2018 թվականի երկրորդ կեսին, պետական մակարդակով Ֆեյսբուքից 81 օգտատիրոջ անձնական տվյալներ ստանալու փորձ է արվել։ Ինչպես նշել է մեդիա և տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը՝ «Կոնկրետ յուզերների քանակով ռեկորդային թիվ է»։

Այս տվյալները հաշվի առնելով՝ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը եզրակացնում է, որ Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայաստանյան գործող և հայաստանյան ցանցը մշտադիտարկող կազմակերպություններից ոչ օբյեկտիվ տվյալներ է ստացել, որոնք էլ ազատ համացանց ունենալու մասին զեկույցի հիմք են հանդիսացել։