Արսեն Թորոսյանը փոքր-ինչ բարելավել է դիրքերը լրատվական դաշտում

2019 թ-ի հոկտեմբերի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 271 հոդված, որոնցից 43-ը եղել է բացասական, 22-ը՝ դրական, 206-ը՝ չեզոք։

Նախարար Արսեն Թորոսյանը նախորդ տասնօրյակների համեմատ փոքր-ինչ բարելավել է դիրքերը լրատվական դաշտում, բայց բացասական հոդվածները շարունակում են գերակշռել։

Բժիշկ Գևորգ Գևորգյանն իր խոսքում անդրադարձել է Արսեն Թորոսյանին և նշել է, որ նախարարի աթոռի վրա աչք չունի և այս կառավարության օրոք որևէ պաշտոն չի ցանկանում ունենալ, բացի այդ ինքը Արսեն Թորոսյանի նման չի կարող իր թիմակցին ԱԱԾ-ին հանձնել կամ ԱԺ-ում իր թիմակցին անվանել հեղափոխության արժեքները չկրող։

Բժիշկ, Երևանի նախկին ավագանու անդամ Մարինա Խաչատրյանն էլ իր խոսքում նշել է, որ Արսեն Թորոսյանը դասալիք է, բանակից ազատվել է երիկամների խնդիրների պատճառով։ Մարինա Խաչատրյանի խոսքով, երիկամների խնդիր ունեցող մարդը չի կարող «Գարդասիլ» պատվաստանյութը ստանալ, դա հակացուցված է նման հիվանդություն ունեցող մարդկանց համար, բայց Արսեն Թորոսյանը հանրային կերպով ստացել է այդ պատվաստումը։ Բժիշկը հավելում է նաև, որ Արսեն Թորոսյանը նման խնդիրների պարագայում նաև արյան դոնոր չէր կարող լինել։ Բժշկի խոսքում ասված է նաև. «Եվ այսպես, հասարակ դասալիքն Արցախի հերոս, պատերազմ հաղթած Վիտալի Բալասանյանին անվանում է հոգեկան հիվանդ»։

Արսեն Թրոսյանը վերջերս մի գրառում էր կատարել ուղղված «Philip Morris International»-ին, ըստ այդ գրառման, 1989թ. Թուրքիայի կառավարությունը դիմել է Ֆիլիպ Մորիս ընկերությանը, որպեսզի այն ազդի ամերիկյան քաղաքական գործիչների վրա՝ կանխելու Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը։ Հրապարակման մեջ ասված է, որ Արսեն Թորոսյանը մանիպուլացնում է մարդկանց, քանի որ նախկինում գործող այդ կազմակերպությունն ու այսօր ծխախոտային բիզնեսով զբաղված «Philip Morris International»-ը բացարձակ կապ չունեն միմյանց հետ:

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի հայցադիմումն ընդունվել է վարույթ:  ԵՊԲՀ ռեկտորն Առողջապահության նախարարից պահանջում է զրպարտիչ արտահայտությունների հերքում և ոչ նյութական վնասի հատուցում:

Որպես դրական լուր առանձնացվել է այն հրապարակումն, ըստ որի՝ Արսեն Թորոսյանն իր ուշադրության կենտրոնում է պահելու նորածին երեխային, որը վարակվել էր ՄԻԱՎ-ով։