Ազատության մեկնաբանը հեգնում է Ստամբուլյան կոնվենցիայի մասին խոսելիս

Ազատության տաղավարում նոյեմբերի 4-ին Կարլեն Ասլանյանի հյուրը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն էր։ Նախքան հյուրին հարց ուղղելը մեկնաբանը նշեց․ «Անպայման Ստամբուլյան կոնվենցիային ենք անդրադառնալու, թե չէ մեր հայրենասեր կամ չակերտավոր հայրենասերները ոչ ինձ ոչ Ձեզ չեն ների»։Հյուրն իր հերթին հեգնեց, թե իր համար հատկանշական էր ամենայն հայոց դասախոս-պատգամավորի խոսքերը՝ նկատի ունենալով ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանին, որն օրեր առաջ եվրոպացի գործընկերների հետ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշել էր, որ որեւէ համոզիչ փաստարկ չի ներկայացվել, թե ինչո՞ւ պետք է ՀՀ-ն վավերացնի Ստամբուլյան կոնվենցիան, չեն պատասխանել հարցին, թե կա՞ ուսումնասիրություն կոնվենցիան ընդունած երկրներում որքանո՞վ է կրճատվել բռնությունը, ինչո՞ւ է քննարկումը գաղտնի անցել։

Մեդիա պաշտպան նախաձեռնությունը կոչ է անում Ազատության մեկնաբանին պահպանել լրագրողական էթիկայի նորմերը, հասարակության մեջ ոչ միանշանակ ընկալված ու բուռն քննարկումների արժանացած կոնվենցիային անդրադառնալիս զուսպ լինել։ Հիշեցնենք, որ Ստամբուլյան կոնվենցիայի դեմ բողոքի ակցիաներ են ընթանում, նաև ստորագրահավաք է սկսվել։ Գլխավոր մտահոգությունն այն է, որ այն հակասում է հայկական ավանդական պատկերացումներին։