Սասուն Միքայելյանի մասին ավելի շատ դրական հրապարակումներ են եղել

2019թ-ի հոկտեմբերի 1-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սասուն Միքայելյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։

Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 253 հոդված, որոնցից 43-ը եղել է բացասական, 61-ը՝ դրական, 149-ը՝ չեզոք։

ԱԺ պատգամավոր, Երկրապահ Կամավորների Միության նախագահ Սասուն Միքայելյանի մասին ավելի շատ դրական հրապարակումներ են եղել, քան բացասական։ Քննադատական հոդվածները հիմնականում կապված են Սասուն Միքայելյանի և իշխանությունների մամուլում շրջանառվող հակասությունների և 2008 թվականին տեղի ունեցած գործընթացների հետ։

Նշվում է, որ իշխանությունն ազատվում է Սասուն Միքայելյանի կադրերից։ Ըստ մամուլի հրապարակումների, դա արվում է հատկապես նրա միջնորդությամբ պաշտոն կամ մանդատ ստացած անձանց հանելու, չեզոքացնելու ճանապարհով։ Դեռ հուլիսին աշխատանքից ազատվեց ԴԱՀԿ պետ Հակոբ Հակոբյանը, ով այդ պաշտոնին նշանակվել էր հեղափոխությունից հետո՝ 2018-ի հունիսին, Սասուն Միքայելյանի միջնորդությամբ, եւ այստեղ էր տեղափոխվել ԴԱՀԿ Կոտայքի մարզային բաժնի պետի պաշտոնից։ Իսկ օրեր առաջ աշխատանքից ազատեցին Միքայելյանի մեկ այլ մտերիմի՝ ոստիկանության Հրազդանի բաժնի պետ Վաղինակ Ավետիսյանին։

Նշվում է, որ Սասուն Միքայելյանը թիմից անկախ է գործում և դրա ապացույցն այն է, որ Աբովյանի ընտրություններում Սասուն Միքայելյանը հրաժարվել է իր աջակցությունը հայտնել իշխող կուսակցության թեկնածուին։ Հրապարակումներից մեկում էլ ասված է, որ անհրաժեշտության դեպքում Սասուն Միքայելյանը դեմ դուրս կգա Նիկոլ Փաշինյանին։

Ըստ մամուլի վերլուծություններից մեկի, Սասուն Միքայելյանը որոշ գեներալների համոզել է, որ 2008 թվականին անցնեն Լևոն Տեր-Պետրոսյանի կողմը. «Վահան Շիրխանյանը, Արամ Սարգսյանի վարչապետության շրջանում ամեն ինչ արեց, որ նա տապալվի, իսկ նրա պաշտոնանկությունից հետո բոլոր միջոցներով դրդում էր, որ ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանը զինված պայքար հայտարարի գործող նախագահի դեմ, իսկ իշխող ՀՀԿ-ն չհամագործակցի Քոչարյանի հետ և Անդրանիկ Մարգարյանը չդառնա վարչապետ։ Նա էր, որ Մյասնիկ Մալխասյանի և Սասուն Միքայելյանի հետ 2008-ին պաշտպանության փոխնախարարներ Մանվել Գրիգորյանին և Գագիկ Մելքոնյանին սադրեց դասալքության` համոզելով անցնել սահմանադրական կարգը զինված տապալելու գնացող Տեր-Պետրոսյանի կողմը»։ Մեկ այլ վերլուծականում գրված է, որ Սասուն Միքայելյանը 2008 թվականին լինելով ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանի հետ միասին զինված ջոկատներ է ունեցել։

ԵԿՄ-ում էլ բողոքի ալիք է բարձրացել Կենտրոն տարածքային բաժանմունքի նախագաի ընտրություններից հետո։ ԵԿՄ-ականներն իրենց վկայականները հանձնել են և բոյկոտել են նոր նախագահին։ Նրանց խոսքով ԵԿՄ Կենտրոն տարածքային բաժանմունքի նոր նախագահը կենտրոնից չէ, իսկ ընտրություններին մասնակցած մարդիկ նոր գրանցվածներ են։ Ըստ ԵԿՄ Կենտրոնի, արդեն նախկին փոխնախագահ Աշոտ Ղարիբյանի, այդ մարդուն Սասուն Միքայելյանն է նշանակել։

Դրական են գնահատվել այն հրապարակումները, որտեղ հասարակական ակտիվ հատվածը դրական էր համարում Սասուն Միքայելյանի քայլը՝ Անդրանիկ Քոչարյանի Արփինե Հովհաննիսյանին ուղղված վիրավորական խոսքերից հետո։ Սասուն Միքայելյանը բացասական գնահատեց այդ արարքը և ներողություն խնդրեց Արփինե Հովհաննիսյանից։