«Մեդիա պաշտպան»-ը դատապարտում է ՄԱՀՀԻ-ի դիրքրոշումը

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (ՄԱՀՀԻ) «Հոկտեմբերի 27-ից 20 տարի անց. հայացք անցյալին, դասեր և մտորումներ» խորագրով քննարկում է կազմակերպում։ ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանն այս մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան էջում և հայտարարել է. «Մուտքը news.am, hayeli.am, 168.am, yerevan today, 7or.am, livenews.am, 5-րդ ալիք ու Երկիր Մեդիա հեռուստաընկերությունների և այլ քարոզչամիջոցների առջև փակ է: Սույն քարոզչամիջոցներին ներկայացնող լրագրողները, տեսախցիկները դուրս են հանվելու դահլիճից»:

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը այս հայտարարությունն անընդունելի է համարում։ Սա խոսքի ազատության կոպիտ ոտնահարում է։ Այսպիսով մամուլը կրկին բաժանում են սևերի և սպիտակների։ Հանրային քննարկումները հենց նրա համար են, որ ներկա գտնվելու և լուսաբանելու հնարավորություն ունենան բոլոր լրատվամիջոցները։

Փորձագիտական համայնքը ներկայացնող Ստյոպա Սաֆարյանը տեղյակ է խոսքի ազատության սկզբունքներին և գիտակցում է, որ ակնհայտորեն խախտում է այդ սկզբունքները։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում ՄԱՀՀԻ-ին զերծ մնալ նմանատիպ դիրքորոշումներից, չնպաստել խոսքի ազատության սահմանափակմանը և չդասակարգել լրագրողների աշխատանքը յուրայինների և հակառակորդների։ Ընդունելի չէ լրատվամիջոցների պիտակավորումն ու դրանց նկատմամբ հանրային պարսավանք սկսելու փորձը։

ՄԱՀՀԻ-ի, ինչպես և մնացած հասարական դաշտում աշխատող հասարակական կազմակերպությունների համար պետք է ընդունելի լինի համակողմանի քննարկման ֆորմատը։ Հակառակ կարծիք կրողների մուտքն արգելելը բացառում է քննարկման ֆորմատի հանրային բնորոշումը։ Այսպիսով ՄԱՀՀԻ-ն ստեղծում է իրավիճակ, որտեղ կհնչեն միակողմանի կարծիքներ-քարոզչություն, որը կստիպի լրատվամիջոցներին տարածել այդ ամենը և ակամա դառնալ քարոզչամեքենա։

Կարևոր է այս հարցի վերաբերյալ  Արմեն Վարդանյանի, Գևորգ Մելիքյանի, Ռուբեն Մեհրաբյանի, Հովսեփ Խուրշուդյանի և ՄԱՀՀԻ-ում մյուս փորձագետների կարծիքը։