Արմեն Սարգսյանը կարողացել է վերականգնել իր դրական վարկանիշը

2019թ-ի հոկտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 490 հոդված, որոնցից 9-ը եղել է բացասական, 50-ը՝ դրական, 431-ը՝ չեզոք։

Նախագահ Արմեն Սարգսյանը լրատվական դաշտում կարողացել է վերականգնել իր դրական վարկանիշը։ Որպես դրական գնահատվել է Արմեն Սարգսյանի Երևանի մետրոպոլիտենով ուղևորությունը։  Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը տեսանյութ է հրապարակել։

Քիմ Քարդաշյանը Հայաստան այցի ժամանակ հանդիպում էր ունեցել նաև  նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Այցից հետո Քիմը կիսվել էր իր տպավորություններով և շնորհակալություն հայտնել Արմեն Սարգսյանին ընդունելության համար։

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Բարեփոխելով աշխարհը» փառատոնի հիմնադիր, պրոդյուսեր, ռեժիսոր, «Associated Television International» ֆիլմարտադրող ընկերության ղեկավար Դեյվիդ ՄաքՔենզիին, փառատոնի համահիմնադիրների ու կազմակերպիչների հետ: Դեյվիդ ՄաքՔենզին փառատոնի հատուկ մարդասիրական մրցանակը (Humanitarian Award)  շնորհել է նախագահ Արմեն Սարգսյանին՝ Հայաստանում իշխանության խաղաղ փոփոխություններին աջակցելու, ինչպես նաև մարդասիրական գործունեության և մարդու իրավունքների պաշտպանության գործում ունեցած ավանդի համար:

Գառնիկ Իսագուլյանը, անդրադառնալով Հայաստանի ներքին խնդիրներին, քննադատել է Արմեն Սարգսյանին և ասել է, որ Հայաստանում այս պահի քաոսային վիճակի համար նա է մեղավոր։ Ըստ նրա, Արմեն Սարգսյանը իրեն վերապահված լիազորությունները չի կարողանում կատարել։