Նաիրա Զոհրաբյանն այս տասնօրյակում լրատվականների ուշադրության կենտրոնում չի եղել

2019 թ․ հոկտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 49 հոդված, որոնցից 1-ը եղել է դրական, 2-ը՝ բացասական, 46-ը՝ չեզոք։

Աժ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն այս տասնօրյակում լրատվականների ուշադրության կենտրոնում չի եղել: Նրա մասին գրվել են բավականին քիչ թվով հոդվածներ։ Բացասական և դրական հոդվածներն էլ գրեթե բացակայում են։

Լրատվականների հրապարակումներից մեկին կոշտ էր պատասխանել Հմայակ Հովհաննիսյանը և այդ իր պատասխանի մեջ ներառել էր նաև Նաիրա Զոհրաբյանի անունը։ Հմայակ Հովհաննիսյանն իր գրառման մեջ նշել էր, որ այն լրատվականը ըստ որի՝ նոր կուսակցություն է բացվելու և պաշտպանելու է միասեռականների իրավունքները, ֆինանսավորվում է Գագիկ Ծառուկյանի փողերով ու այդ կապը պահում է Նաիրա Զոհրաբյանը։ Այս ամենին բավականին կոշտ պատասխան է տվել Նաիրա Զոհրաբյանը՝ Հմայակ Հովհանիսյանին համարելով քաղաքական դիակ և հավելել է, որ պրն. Հովհաննիսյանը հնչեցնում է Գագիկ Ծառուկյանի և իր անունները որպեսզի վերադառնա քաղաքականություն։

Ըստ լրատվականների հրապարակման՝ ԱԺ հանձնաժողովի նիստում պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի ելույթի ժամանակ Իմ քայլական պատգամավոր Թագուհի Ղազարյանը վիրավորական արտահայտություն է թույլ տվել։ Լրատվականները չեն կարողացել մեկնաբանություն ստանալ Թագուհի Ղազարյանից։