Արարատ Միրզոյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել

2019թ-ի հոկտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 227 հոդված, որոնցից 74-ը եղել է բացասական, 153-ը՝ չեզոք։

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մասին դրական հոդվածներ չեն դիտարկվել։ Ըստ մամուլի հրապարակումների՝ Արարատ Միրզոյանը Ամուլսարի հանքի շահագործման հարցով հանդիպել է «Իմ Քայլական» այն պատգամավորների հետ, որոնք համարվում են «Բաց Հասարակության հիմնադրամի» շահառուներ և ասել է, որ ինքն անձամբ դեմ է հանքի շահագործմանը և այդ մասին անակնկալ կերպով տեղեկացել է Նիկոլ Փաշինյանը և, ըստ մամուլի, դա թիմի մեծամասնությանը փաստացի դեմ կարծիք է։

ՀՀ նախկին վարչապետ և ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյանը Արման Բաբաջանյանի դեմ դատարան է դիմել։ Նա իր խոսքում ասել է. «Ես կապվել եմ նաև Էդմոն Մարուքյանի հետ, որովհետև Բաբաջանյանն այն ժամանակ նրանց խմբակցության անդամ էր, Մարուքյանին ասել եմ, որ հորդորի իրենց խմբակցության անդամին՝ հերքել իր այդ հայտարարությունը, որը չի համապատասխանում իրականությանը: Ես գրավոր եմ դիմել Արման Բաբաջանյանին, Էդմոն Մարուքյանին, նաև Արարատ Միրզոյանին եմ տեղեկացրել այդ մասին: Ոչ մի արձագանք չի եղել: Մեկ շաբաթ սպասելուց հետո, բնական է, որ ես պետք է դիմեի դատարան ես ոչ մի կապ չունեմ այն ամենի հետ, ինչի մասին հայտարարել է Արման Բաբաջանյանը»:

ԱԺ նախկին պատգամավոր Էդուարդ Շարմազանովը խոսել է ներկա իշխանությունների մասին և ասել է, որ ներկա իշխանության ֆրակցիայի կեսն իրենց հետ կապ է ունեցել և բոլորին կարելի է դատի տալ այն հոդվածով, որով փորձում են դատապարտել Հրայր Թովմասյանին. «Դա այնքան ծիծաղելի մեղադրանք է: Եթե դա կիրառելի է Հրայր Թովմասյանի նկատմամբ, նախ կիրառելի է Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի նկատմամբ, քանի որ այդ ժամանակ լինելով ԱԺ փոխնախագահ՝ նույն աշխատակարգով ու իրավական կարգով է դարձել պատգամավորից ՍԴ նախագահ, ինչպես Նիկոլ Փաշինյանը՝ պատգամավորից վարչապետ: Նախ այդ մեղադրանքը այսօրվա վարչապետին պիտի ներկայացվի, չնայած, մենք էլ վարչապետ չունենք»։

Ըստ մամուլի հրապարակումների՝ Անուշ Բեղլոյանը պարբերաբար լինում է գործուղումների, որովհետև Արարատ Միրզոյանի մտերիմն է։ Անուշ Բեղլոյանը, պատասխանելով այդ հարցին, ասել է. «Տեսակետը թողնում եմ այդ ասողների խղճին. կոմպենսացիայի որեւէ կարիք չկա, ես կայացած մարդ եմ` ե՛ւ պաշտոններ եմ ունեցել, ե՛ւ երկար ճանապարհ եմ անցել, կայանալու անհրաժեշտություն չունեմ»։