Վարչապետի մասին ավելի շատ դրական հրապարակումներ են եղել

2019 թ-ի հոկտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 5 լրատվական կայք՝ armlur.am-ը, yerkir.am-ը, armtimes.com-ը, azatutyun.am և araratnews.am-ը։

Մշտադիտարկման արդյունքում ընտրված 5 կայքերում դիտարկվել է 436 հոդված։ Որոնցից 31-ը՝ բացասական, 41-ը՝ դրական, 364-ը՝ չեզոք են։

Մշտադիտարկվող տասնօրյակում ընտրված կայքերի դիտարկման ժամանակ վարչապետի մասին ավելի շատ դրական հրապարակումներ են եղել։ Բացասական հոդվածի հիմք է հանդիսացել այն լուրը, ըստ որի՝ ՊԵԿ բարձրաստիճյան պաշտոնյա Ռաֆիկ Մաշադյանը, ով Աննա Հակոբյանի բարեկամն է, 10-15 մլն խաղադրույք է կատարել։ Մաշադյանը հերքել է այդ լուրը, սակայն ֆեյսբուքյան հարթակում տրամադրություններն այլ են։

Նիկոլ Փաշինյանին քննադատել են Արցախի հարցում հստակ դիրքորոշում չունենալու համար։ Հրապարակումներից մեկում ասված է. «Անընդհատ հնչում են՝ «պետք է», «անհրաժեշտ է» և նման կրավորական հայտարարություններ։ Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը մի դեպքում հրաժարվում է Արցախի խնդրի լուծման պատասխանատվությունն իր վրա վերցնելուց՝ հայտարարելով, որ դա արցախցու խնդիրն է, մյուս դեպքում իրեն իրավունք է վերապահում հայտարարելու, որ, եթե «ոմանք փորձեն Արցախը դարձնել հակահեղափոխության օջախ, Արցախի ժողովուրդը այն կդարձնի հեղափոխության օջախ», կամ, ասենք, հայտարարում է, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»։ Քննադատվում է նաև Փաշինյանի գործունեությունը ֆեյսբուքյան հարթակում․ «Երկրի անվտանգության պատասխանատուները զբաղվում են ֆեյսբուքամոլությամբ ու ֆլեշմոբերով, իսկ հակառակորդն անընդհատ խոսում է պատերազմի ու «իր տարածքների անհապաղ վերադարձի առաջնահերթության մասին»։ Ստացվում է, որ մեր բոլոր հարցերը սկսվում և ավարտվում են Ֆեյսբուքո՞ւմ»։

Լրատվականները շարունակում են խոսել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի մասին։ Հրապարակման մեջ հարց է հնչում, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանն այդպես էլ հստակ չմեկնաբանեց, թե ինչն էր պատճառը, որ վարչապետը հրաժարվեց երկու գլխավոր ուժային կառույցների ղեկավարների հետ աշխատելու հեռանկարից: Չէ՞ որ ընդամենը երկու ամիս էր անցել ե՛ւ ոստիկանության, ե՛ւ ԱԱԾ ղեկավարներին բարձրագույն` գեներալ-մայորի կոչումներ շնորհելուց:

Դրական հոդվածներում տեղ են գտել այն դիտարկումները, որոնք կապված են Վիտալի Բալասանյան-Նիկոլ Փաշինյան առճակատման հետ։ Վերջին շրջանում Վիտալի Բալասանյանը կոշտ քննադատության է արժանացնում Նիկոլ Փաշինյանին և իշխանություններին, և մեդիայում պարբերաբար հայտնվում են հոդվածներ, որոնք այս պայքարում սատարում են Նիկոլ Փաշինյանին։

Դրական է գնահատվել նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցում հնչած այն դիտարկումը, որ Նիկոլ Փաշինյանի հետ իրենց օրակարգերը ոչ թե խաչվում են, այլ փոխլրացնում են միմյանց։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդում որոշում են ընդունել: Ըստ այդ որոշման՝ 2020 թվականի հունվարի 1-ից աջակցություն կստանան 1998-ի հունվարի մեկը ներառյալ եւ դրանից հետո հայրենիքի պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների ընտանիքի անդամները, 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայածները: Հիշեցնենք, որ սևազգեստ մայրերը ևս պայքարում են, որպեսզի իրենց որդիների վաստակը նույնպես չանտեսվի։

Armtimes.com-ում հրապարակվել է 128 հոդված, բացասական՝ 1, դրական՝ 14, չեզոք՝ 113։

Որպես բացասական հոդված՝ դիտարկվել է Կոստանտին Օրբելյան-Նազելի Ղարիբյան դատական հայցի քննարկումը, որտեղ նշվում է, որ Օրբելյանը, պատասխան չստանալով Նիկոլ Փաշինյանից, դիմել է դատարան, որը դրական որոշում է կայացրել՝ հօգուտ Օրբելյանի։

Որպես դրական հոդվածներ՝ գնահատվել են այն հրապարակումները, որտեղ Վիտալի Բալասանյան-Նիկոլ Փաշինյան առջակատման ընթացքում, կարծիքներ են հայտնվել՝ հօգուտ վարչապետի։ Մասնավորապես, գեներալ Բալասանյանն ասել է. «Հայաստանի իշխանություններին մնում է ճիշտ գործել եւ ճշմարիտ որոշում կայացնել: Օրինակ օգոստոսի 5-ի Նիկոլ Փաշինյանի արած արտահայտությունը շատ տեղին էր եւ շատ լավ ընդունվեց արցախցիների կողմից, եւ ամեն մի քաղաքական ուժ իր տեղը գտավ: Նման հայտարարությունները ՀՀ իշխանությունները պետք է հաճախակի անեն: Բայց պետք է նշեմ, որ հավիտյանս փակված է հին իշխանությունների վերադարձի ճանապարհը»։

Նշվում է, որ տարբեր զորամասերում «իքս» քանակի զինվորներ, արդեն սնվում են նոր համակարգով, որն ավելի արդյունավետ է, և ուտելիքի որակն ավելի բարձր է։ Բացի դրանից, կայքում տեղ է գտել վերը նշված զինվորների փխհատուցման որոշման մասին լուրը։

Ըստ կայքի հրապարակման՝ Քիմ Քարդաշյանը վարչապետի սոցցանցերում ակտիվության մասին խոսելիս ասել է. «Կարծում եմ՝ դա կարող է արդյունավետ լինել, քանի որ սոցիալական մեդիայի հասանելիությունն այնքան մեծ է, որ ինչո՞ւ ոչ: Կարծում եմ՝ լավ է, որ քաղաքական գործիչները լինեն սոցցանցերում, քանի որ հիմա դա հաղորդակցման միջոց է, որը հնարավորություն է տալիս շփվել շատ մարդկանց հետ, կարծում եմ՝ դա շահավետ կլինի»։

Araratnews.am-ում հրապարակվել է 111 հոդված, բացասական՝ 3, դրական՝ 12, չեզոք՝ 96:

Նազելի Ղարիբյանն Օրբելյանին դատական նիստը պարտվելուց հետո հացազրույց է տվել կայքին և ասել է. «Կարող եմ ասել՝ վարչապետը տեղյակ էր, որ այդպիսի որոշում պետք է կայացնեի՝ Օրբելյանին ազատել թատրոնի տնօրենի պաշտոնից»: Նշվում է նաև, որ Սասուն Միքայելյանի և Նիկոլ Փաշինյանի հարաբերությունները տևական ժամանակ է՝ լարված են, կայքը գրում է նաև, որ այս ֆոնին Սասուն Միքաելյանի կադրերն աստիճանաբար ազատվում են աշխատանքից։

Կայքում տեղ է գտել Արմեն Սարգսյանի հարցազրույցը։ Զինհաշմանդամների մասին որոշումը։ Զորամասերում ուտելիքի որակի և ձևի փոփոխության մասին լուրը։ Նշվում է նաև, որ Ռանչպար գյուղում սկսվել են մանկապարտեզի վերանորոգման աշխատանքները։

Yerkir.am-ում հրապարակվել է 74 հոդված, բացասական՝ 23, դրական՝ 5, չեզոք՝ 46:

Կայքում տեղ են գտել Ռաֆիկ Մաշադյանի, Արթուր Վանեցյանի, Վալերի Օսիպյանի հետ կապված խնդիրները։

Ըստ կայքի վերահրապարակումների՝ ռուս միջազգայնագետ Գրիգորի Տրոֆիմչուկը, խոսելով Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերությունների մասին, ասել է. «Ռուսական կողմը երկար լռեց՝ ամփոփելով Ղարաբաղի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի բոլոր հայտարարությունները, ահա, վերջապես տվեց նրան առաջին ազդանշանը: Ես որպես փորձագետ՝ ևս սպասում էի նման ազդանշանի: Այլ բառերով, Մոսկվան թույլ չի տա, որ այդ հակամարտությունը, վարչապետ Փաշինյանի կողմից շրջանառության մեջ դրված թեզերով, խախտի կայունությունը ողջ Հարավային Կովկասում»։ Կայքում տեղ է գտել նաև Վիտալի Բալասանյանի քննադատական խոսքը։

Armlur.am-ում հրապարակվել է 70 հոդված, բացասական՝ 3, դրական՝ 6, չեզոք՝ 61:

Կայքում հրապարակվել է զինվորականների սնվելու փոփոխության մասին լուրը, Քիմ Քարդաշյանի կարծիքը Նիկոլ Փաշինյանի մասին, զինհաշմանդաների փոխհատուցման մասին օրենքի փոփոխությունը։ Կայքին հարցազրույց է տվել նաև ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արտակ Մանուկյանն, որն անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հնչեցրած տնտեսական հողափոխության մտքին, ասել է. «Մենք որ ասում ենք տնտեսական հեղափոխություն, սա մեսիջներ են բիզնեսների համար: Այդ մեսիջները երբ որ կյանքի կկոչվեն, մենք կարող ենք ասել, որ այս գործընթացը ավարտված է: Կարծում եմ`մենք սրա ծիլերն ենք ստեղծում ու պետք է ամեն ինչ անենք բոլորը կյանքի կոչելու համար»:

Կայքում տեղ է գտել «Հայելի» մամուլի ակումբի հայտարարությունը, որտեղ ասված է. «Ի դեպ, տարօրինակ է, որ այս պսեվդոհայրենասեր ջահելները ձվեր չնետեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա, երբ նա միջազգային բարձր ամբիոնից հայտարարեց, թե Արցախի հակամարտության լուծումը պետք է ընդունելի լինի ինչպես Հայաստանի, Ղարաբաղի, այնպես էլ Ադրբեջանի համար, այն դեպքում, երբ Ալիևը առիթը բաց չի թողնում կրկնելու, թե Արցախը Ադրբեջանի մաս է: Ինչևէ, քաղաքական բանավեճի առիթով չէ հրապարակումը»:

Azatutyun.am-ում հրապարակվել է 53 հոդված, բացասական՝ 1, դրական՝ 4, չեզոք՝ 48:

Կայքում տեղ են գտել ՌԴ ԱԳ նախարար Լավրովի մտքերը։ Ըստ Լավրովի, կողմերը լուրջ հայտարարություններ են անում, որոնք չեն նպաստում քաղաքական գործընթացի համար բարենպաստ մթնոլորտի ձևավորմանը: Ռուսաստանի ԱԳ նախարարը հիշատակել է, մասնավորապես, «Արցախը Հայաստան է» Փաշինյանի հայտնի հայտարարությունը:

Կայքում հրապարակվել է զինվորականների ուտելիքի հետ կապված լուրը, զինհաշմանդաների փոխհատուցման մասին օրենքի փոփոխությունը, որի մասին նշվել է տեքստի վերնամասում և Քիմ Քարդաշյանի հայտարարությունը։

Հոդվածներից և մշտադիտարկման արդյունքներից կարելի է նշել, որ կայքերի մեծամասնությունը շարունակում է աշխատել ըստ քաղաքական նախընտրությունների։