«Մեդիա պաշտպան»-ը դատապարտում է լրագրողի դեմ ուղղված քայլը

«Կենտրոն» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Հայելու առաջ»–ն արդեն մի քանի շաբաթ է եթերում չէ։ Հեղինակային հաղորդաշարի հեղինակ Անժելա Թովմասյանն այսօր իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ «Կենտրոնում» իր աշխատանքային գործունեությունը դադարեցված է, սա իր նախաձեռնությունը չէ և չի ուզում մեկնաբանել, գնահատականներ տալ, թե ինչու է այդպես ստացվել։ Նա գրել է․ «Կարծում եմ, որ ամեն ինչ պարզ է։ Այնպես է ստացվել, որ «սիրո և հանդուրժողականության» թիրախում մեր ընտանիքն է հայտնվել, բայց ես սա ընդամենն արձանագրում եմ սոսկ փաստի, այլ ոչ տրտնջալու համար։ Ես համոզված եմ, որ ամեն մի փակված էջ նոր էջ բացելու նախադրյալ է։ Եթե ասելիք ու անելիք ունես, ապա դրանց հանրայնացման ձևերը միշտ էլ կգտնվեն»։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը դատապարտում է հեռուստաընկերության նման գործելաոճը՝ սա որակելով որպես լրագրողի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու քաղաքական քայլ։ Կրկին վերահաստատում ենք, որ վերջին օրերին հաղորդման դեմ տեղի ունեցող գործողություններն ուղղված են խոսքի ազատությունը սահմանափակելուն։