Բացասական հոդվածները գերազանցում են

2019թ-ի հոկտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 85 հոդված, որոնցից 44-ը եղել է բացասական, 4-ը՝ դրական, 37-ը՝ չեզոք։

ՀՀ առաջին նախագահի մասին դիտարկվել են և՛ դրական, և՛ բացասական հոդվածներ, բայց բացասական հոդվածներն այս տասնօրյակում բավականին շատ են։

Մամուլում վերհիշել են Վարդան Օսկանյանի 2008թ-ի մամուլի ասուլիսը, որտեղ ԱԳ նախարարը մեղադրել էր ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր֊Պետրոսյանին մեկնած ձեռքը մերժելու մեջ և պնդել էր, որ առաջին նախագահը ձերբակալված կամ կալանավորված չէ։

Մամուլում առճակատում է սկսվել Լևոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցների և դաշնակցության միջև։ Էդիկ Անդրեասյանն իր հրապարակման մեջ գրել է․ «Ինձ չի հետաքրքրում նաև այն, թե ինչ կարծիք ունի Լիզա Ճաղարյանը Դաշնակցության մասին: Նրա գաղափարական հայր Լևոն Տեր-Պետրոսյանը և այն գեղի կլուբը, որից սերում է Ճաղարյան Լիզան, իրենց ուժերը փորձել են Դաշնակցության դեմ պայքարում և մի գեղեցիկ օր, գուցե, Լիզային կպատմեն ողջ եղելությունը, և Լիզան կհասկանա, թե իրականում ինչպիսի կազմակերպություն է ՀՅԴ-ն»։

Մամուլում հրապարակումներ կան, որտեղ պարբերաբար նշվում է, որ Լևոն Տեր֊Պետրոսյանը և այս իշխանությունները սերտաճած են և իրար հետ են աշխատում։ Շատ խնդիրների մեջ այս պահին մեղադրվում են Լևոն Տեր֊Պետրոսյանի կողմնակիցները։

ԱԱԾ֊ի և ոստիկանության հետ ստեղծված իրավիճակում մամուլում շրջանառվում է այսպիսի միտք․ «Անրաժեշտ է ձևակերպել նոր օրակարգ՝ ինչպես դա տեղի ունեցավ 90-ականնների պարագայում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանությունը հարկադրված էր քաղաքական լուծումներ գտնել ոստիկանության և ԱԱԾ-ի համար»։ Այս հոդվածը դիտարկվել է որպես դրական։