Ազատությունը ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ ամբողջական է ներկայացնում

«Ազատություն» TV-ի լրատվական կենտրոնի հոկտեմբերի 16-ի թողարկմանը ռեպորտաժներից մեկում ՍԴ-ի շուրջ տեղի ունեցող գործընթացները ամբողջական չեն ներկայացվել։ Լրագրողը ռեպորտաժը կառուցել է միայն իշխող կուսակցության պատգամավորների կարծիքների հիման վրա։ Իսկ թեման՝ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի առաջարկած ելքերից մեկն էր՝ դատավորներից յոթին փոխարինել նոր դատավորներով։ Վահագն Հովակիմյանը նշում էր, որ ՍԴ-ում ճգնաժամ է, անգործության են մատնված, երկու դատավոր կա։ Անուշ Բեղլոյանն էլ չէր բացառում, որ հարցը հնարավոր է լուծել Վահե Գրիգորյանի առաջարկած ճանապարհով։ Անդրադառնալով ԱԺ դիմումը վարույթ չընդունելու ՍԴ որոշմանը՝ «Իմ Քայլ»-ի պատգամավոր Անուշ Բեղլոյանը նշում էր, որ ուրիշ մեթոդներով կփորձեն հարցը լուծել։ Ի դեպ, «ուրիշ մեթոդները» չուշացան, երեկոյան արդեն պարզ դարձավ, որ ԱԱԾ են կանչվել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի 75-ամյա թոշակառու հայրը և երկու դուստրերը։ Իսկ այս մասին Ազատությունը այսօրվա՝ հոկտեմբերի 17-ի թողարկմանը թռուցիկ է անդրադարձել՝ ներկայացնելով միայն Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանի գրառումը, մինչդեռ որևէ մեկնաբանություն ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներից չի փորձել ստանալ։

Մեդիա պաշտպան նախաձեռնությունը կոչ է անում Ազատությանը դադարեցնել նման գործելաոճը։