Աննա Հակոբյանի մասին այս տասնօրյակում դիտարկվել են գրեթե հավասար թվով դրական և բացասական հոդվածներ

2019 թ-ի հոկտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում դիտարկվել է 271 հոդված, որոնցից 24-ը եղել է բացասական, 26-ը՝ դրական, 221-ը՝ չեզոք։

Աննա Հակոբյանի մասին այս տասնօրյակում դիտարկվել են գրեթե հավասար թվով դրական և բացասական հոդվածներ։ ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի ԱՄՆ այցը։ Նա ուշադրություն է դարձրել ծախսված գումարին և ձեռք բերված արդյունքներին։

Ամիսներ առաջ մամուլում լուր տարածվեց, որ ՊԵԿ բարձրաստիճան մի պաշտոնյա` Ռաֆիկ Մաշադյանը, Աննա Հակոբյանի բարեկամն է։ Օրերս լրատվականների հրապարակումների համաձայն, պրն Մաշադյանը խոշոր չափի խաղադրույք է կատարել։ Այս լուրը պաշտոնյան հերքել է։ Մամուլում ասված է նաև, որ Մաշադյանն այդ պաշտոնին է նշանակվել Աննա Հակոբյանի շնորհիվ:

Մամուլի հրապարակումներում Աննա Հակոբյանը քննադատվում է նաև մամուլի նկատմամբ բացասական վերաբերմունք ունենալու համար։ Հրապարակումներինց մեկում գրված է. «Հիշենք նաեւ, թե քանի անգամ Նիկոլ Փաշինյանի ընտանիքի անդամները՝ նրա տիկին Աննա Հակոբյանն ու դուստրը՝ Մարիամ Փաշինյանը, բացասաբար են խոսել մամուլի հանդեպ, հասցրել խոսակցության մակարդակը «դաս տալու» կամ «հաթաթայի» սանդղակին։ Այժմ արդեն, կարելի է արձանագրել․ «Հայելիի» դեմ իրականացված ոտնձգությունը «հոգեզավակն է» եւ Նիկոլ Փաշինյանի, եւ Աննա Հակոբյանի եւ Մարիամ Փաշինյանի վերոնշյալ վերաբերմունքի, հանրային հայտարարությունների ու գրառումների ու հանդիսանում է այդ ամենի օրգանական շարունակությունը»։

Մամուլում ասված է, որ Բելիզի վարչապետի տիկինը՝ Քիմ Սիմփլիս-Բառոուն և Աննա Հակոբյանն այնքան են ընկերացել, որ միասին ճաշել են։ Տիկին Սիմփլիս-Բառոուն գրել է. «Շնորհակալ եմ: Դու հրաշալի կին ես: Հայաստանը ուրախ է տեսնել հենց քեզ՝ առաջին տիկնոջ դերում»։

«Սիթի օֆ Սմայլն» ակտիվացրել է իր գործունեությունը և տարատեսակ հանդիպումներ և միջոցառումներ է իրականացնում`քաղցկեղով հիվանդ երեխաների այցելությունից մինչև տարբեր համերգային ծրագրեր։ Սա ևս դիտարկվել է որպես դրական։