Հորդորում ենք «Ազատությանը» զերծ մնալ բացառապես մի կողմի դիրքորոշում ներկայացնելու ավանդույթից       

«Ազատություն» TV-ի լրատվական կենտրոնի հոկտեմբերի 13-ի երեկոյան թողարկման ընթացքում ռեպորտաժ է հեռարձակվել Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք «Հյուսիսային պողոտա — Կասկադ» ծրագրերի իրականացման հետևանքով բնակիչների խախտված իրավունքների թեմայով։

Անդրադարձ է կատարվել անցյալ շաբաթվա սկզբին Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի նախաձեռնությամբ կայացած լսումներին, ներկայացվել է տուժած բնակիչների, նրանց շահերը պաշտպանած փաստաբանների, հասարակական գործիչների տեսակետները, հնչել է ԱԺ նախագահի ելույթը, որը խոստանում է իրավապահ մարմիններին ներկայացնել լսումների ընթացքում հնչած «ապօրինությունների» հանգամանքները։

Հյուսիսային պողոտայի տուժած բնակիչները կոշտ քննադատում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիներին իրականացրած քայլերը, մասնավորապես՝ այն ժամանակվա քաղաքապետ Երվանդ Զախարյանի ընդունած որոշումները:

Ռեպորտաժում չի հնչում հակադիր որևէ տեսակետ, այսինքն՝ այն խիստ միակողմանի է։ Հորդորում ենք «Ազատությանը» պահպանել համակողմանի լրատվություն սփռելու սկզբունքը, զերծ մնալ բացառապես միակողմանի դիրքորոշում ներկայացնելու ավանդույթից։