«Մեդիա Պաշտպանը» հորդորում է լրատվականներին՝ զերծ մնալ քաղաքականացվելուց                    

2019 թ-ի սեպտեմբերի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 5 լրատվական կայք՝ armlur.am-ը, yerkir.am-ը, armtimes.com-ը, azatutyun.am և araratnews.am-ը։

Մշտադիտարկման արդյունքում ընտրված 5 կայքերում հայտարարագրվել է 389 հոդված։ Որոնցից 42-ը՝ բացասական, 28-ը՝ դրական, 319-ը՝ չեզոք են։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ հրապարակումներով ընտրված 5 լրատվականներում դիտարկվել են թե՛ դրական, թե՛ բացասական հոդվածներ։ Բացասական հոդվածները գրեթե մեկուկես անգամ գերազանցում են դրականներին, դրանք առնչվում են տարատեսակ ոլորտների։

ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանը քննադատել է ներկա իշխանություններին և Նիկոլ Փաշինյանին, ԵՊՀ 100 ամյակին պատշաճ մոտեցում չցուցաբերելու համար։ Ըստ Միհրան Հակոբյանի՝ ԵՊՀ 100 ամյակը պետական մասշտաբի միջոցառում կարող էր դառնալ, սակայն այնպիսի քայլեր չեն արվել, որպեսզի բազմաթիվ մարդկանց Ալմա մատերի 100 ամյակը մեծ նշանակություն ունենար։ Նա հավելել է. «Սա համահունչ է օրվա իշխանության որակին, մակարդակին և արժեքային համակարգին: Իրենց պատկերացրած ԵՊՀ 100-ամյակն իրենք իրենցով լավ ռեստորանում խորովածի և օղու սեղան գցելն էր, դիջեյներով բաց համերգներն ու կենացները, կենացները, կենացները…»։

«Ազգային Օրակարգ»-ը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վարչապետի՝ ՄԱԿ-ի ելույթի հատկապես Արցախյան հիմնախնդրի մասին մտքերին։ Հայտարարության մեջ ասվում է. «Անտեսվում է ակնհայտ փաստը, որ ադրբեջանական կողմը արցախյան հակամարտության հանգուցալուծման, որպես իր համար ընդունելի միակ տարբերակ, շարունակում է տեսնել միայն Արցախի ամբողջական բռնակցումը Ադրբեջանին, դրանով իսկ բացառելով որևէ խաղաղ կարգավորման հնարավորությունն անգամ»։

Ըստ հայտարարության՝ այդ ելույթում բաց են թողնվել ևս մի քանի թեզեր, որոնց արդյունքում Նիկոլ Փաշինյանի առաջարկած բանաձևը հակառակորդի մոտ ստեղծում է հայկական կողմի թուլության և սեփական ուժի գերակայության գիտակցություն, իսկ հայ հանրության մոտ առաջացնում է անզորության և արտաքին մարտահրավերներին դիմագրավելու անկարողության զգացողություն։

Ըստ լրատվականների հրապարակումների՝ խնդիրներ կան նաև Սասուն Միքայելյան-Նիկոլ Փաշինյան հարաբերություններում, որոնք գնալով խորանում են։ Ըստ լրատվականների՝ քննարկվում է նաև Սասուն Միքայելյանին ԵԿՄ նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը։ Լրատվականում գրված է. «Ի դեպ, մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն այս թեմայի վերաբերյալ չի խոսել Ս. Միքայելյանի հետ: Բանն այն է, որ Ն.Փաշինյանն այսօր իսկապես իր մի քանի կուսակիցների հետ մնացել է միայնակ, ու նրան ոչ ոք չի համարձակվում ասել, որ վստահելի մարդկանց շրջանակը գնալով նեղանում է, որովհետև Փաշինյան վարչապետը կարծում է, որ ինքն ամեն ինչ կարող է անել ու ասել, իսկ մյուսները՝ ոչ»:

Քննադատվել է նաև Նիկոլ Փաշինյանի այցը ԱՄՆ, ծախսված 400 000 դոլարի մասին է խոսվում և որ այցը որևէ արդյունք չի տվել։

Որպես դրական հոդված դիտարկվել է Սինգապուրի վարչապետի տիկնոջ գրառումը, ըստ որի՝ Հո Չինը բարի հանգիստ է հայտնել Նիկոլ Փաշինյանին։ Լրատվականներում կարելի է հանդիպել մտքերի, ըստ որոնց Նիկոլ Փաշինյանը տանն էր քնում, իսկ Սերժ Սարգսյանը՝ պաշտոնական միջոցառումների ժամանակ։

Armtimes.com-ը գրել է 96 հոդված․ բացասական 2, դրական՝ 11, չեզոք՝ 83։

Որպես բացասական հոդված դիտարկվել է Օպերայի ազգային բալետի և թատրոնի հետ կապված խնդիրը։ Նշվում է, որ լրանում է Օպերային թատրոնի տնօրենի ԺՊ-ի պաշտոնավարման ժամկետը, իսկ ԿԳՄՍ-ն դեռ չի կողմնորոշվել։ Նշված է նաև ամիսներ առաջ թատրոնի անձնակազմը անհիմն էր համարել և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին էր ներկայացրել Ղարիբյանի՝ Օրբելյանին ազատելու համար հիմք ընդունած 10 կետից բաղկացած փաստարկների հակափաստարկները: Երկու ամիս պատասխան չստանալուց հետո Օրբելյանը դիմել էր դատարան:

Կայքում հոդված է տեղ գտել, որում անդրադարձ է կատարվել ՄԱԿ-ում Նիկոլ Փաշինյանի ելույթի Արցախին վերաբերող հատվածին. «Ի՞նչ է տեղի ունենում իրականում: Նիկոլ Փաշինյանն, իհարկե, կարող էր խուսափել սեփական երկրում քննադատությունների ենթարկվելու հեռանկարից և հայտարարել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը պիտի բավարարի Հայաստանի և Արցախի ժողովուրդներին, իսկ ադրբեջանցիներին այդ կարգավորումը կգոհացնի, թե ոչ՝ իրենց պրոբլեմն է: Սա, անշուշտ, կլիներ շատ ավելի «հայրենասիրական» դիրքորոշում: Բայց գործնականում դա ոչինչ չէր տա, որովհետև ակնհայտ է, որ եթե վերջնական կարգավորման որևէ տարբերակ ադրբեջանական կողմի համար անընդունելի լինի, նրանք պարզապես չեն ընդունի այդ տարբերակը, այսինքն՝ հակամարտությունը չի կարգավորվի (համենայնդեպս՝ բանակցությունների ճանապարհով)»։

Որպես դրական՝ գնահատվել է այն հրապարակումը, որտեղ նշված է, որ հայտնի Hollywood Reporter պարբերականն անդրադարձել է «Ես մենակ չեմ» ֆիլմին։

Armlur.am-ը գրել է 89 հոդված․ բացասական 9, դրական՝ 2, չեզոք՝ 78։

Լրատվականում տեղ է գտել հոդված, ըստ որի՝ քրական գործերի տեղատարափ է սկսվելու և գուցե նախկինները վերադառնան 1998 թվականի կարգավիճակին։ Գրված է նաև, որ՝ «այս ամենն արվելու է «թավիշից» դժգոհողներին բավարարելու համար է»։ Կայքում անդրադարձ կա, թե բարձրաստիճան պաշտոնյաներից ով, ում բարեկամն է, ի հակառակ նրան, որ ներկա իշխանությունները խոստանում էին՝ ծանոթ-բարեկամներով պաշտոնների նշանակում չի լինելու։ Ըստ կայքի մեկ այլ հրապարակման՝ Լոս Անջելեսի հայ համայնքի հետ հանդիպումը համարվել է տապալված։

Դրական է գնահատվել այն հոդվածը, ըստ որի՝ Ապարանում տեղի է ունեցել խաչադրման հերթական արարողությունը: 1719-րդ խաչը նախորդ տարվա խաչքավոր Արտակ Թովմասյանը փոխանցել բարերար Հրաչյա Պողոսյանին: Բարերարն էլ իր հերթին ասել է՝ հպարտանում եմ, որ Նիկոլ Փաշինյանն այցելեց Ագարակ։

Yerkir.am-ում գրվել է 88 հոդված․ բացասական՝ 30, դրական՝ 0, չեզոք՝ 58։

Կայքում քննադատվել են տարբեր ոլորտներ։ Հրապարակումներում տեղ են գտել վերը նշված բոլոր քննադատությունները։ Կարինե Աճեմյանն, անդրադառնալով ՄԱԿ-ում՝ Նիկոլ Փաշինյանի ելույթին, ասել է, որ պաթոսով լի, բայց բովանդակազուրկ ներկայացման ականատես ենք։ Քննադատվել է նաև հոգևորականներին ուղղված Նիկոլ Փաշինյանի խոսքը։

araratnews.am-ը գրել է 70 հոդված․ բացասական 1 դրական՝ 9, չեզոք՝ 60։

Կայքում տեղ է գտել Նիկոլ Փաշինյանի նկարը, որը հրապարակել էր Աննա Հակոբյանը և կարծիք է հայտնվել. «Եթե Փաշինյանը ննջում է իր տանը, ապա Սերժ Սարգսյանը՝ պաշտոնական միջոցառումներին»։ Որպես դրական գնահատվել է Ժիրայր Սեֆիլյանի խոսքը, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից իշխանության ղեկը ստանձնելուց անմիջապես հետո Կրեմլում սկսվել է Փաշինյանի կառավարությանը ձախողելու գործընթացը. «Հները փորձում են գլուխ բարձրացնել և գործող իշխանության թիկունքին հարվածել: Մենք գործող իշխանությունների կողքին ենք լինելու»: Արթուր Վանեցյան-Նիկոլ Փաշինյան պայքարին անդրադարձած ԱԽ քարտուղարի խոսքը նույնպես տեղ է գտել «araratnews.am»-ում, որտեղ Արմեն Գևորգյանը սատարում է Նիկոլ Փաշինյանին։

Azatutyun.am-ը գրել է 46 հոդված. բացասական 0, դրական՝ 6, չեզոք՝ 39։

Կայքում տեղ է գտել Ժիրայր Սեֆիլյանի, ինչպես նաև քաղաքական մեկնաբան Թաթուլ Հակոբյանի խոսքը, ըստ որի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնն օգտագործեց միջազգային հանրությանը ներկայացնելու, թե ինչպիսի անհաշտ պայքար է մղում հետհեղափոխական Հայաստանն՝ ընդդեմ կոռուպցիայի։ Ալեն Սիմոնյանն ի սատարում Նիկոլ Փաշինյանի՝ անընդունելի է համարել Արթուր Վանեցյանի պահվածքը։

Վերը նշված վիճակագրությունը և հրապարակված հոդվածները հաշվի առնելով՝ պետք է փաստենք, որ որոշ լրատվական կաքեր ունեն քաղաքական ուղղվածություն և սատարում են այս, կամ այն քաղաքական գործչին, կամ ուժին։ Կարելի է նկատել, որ նշված լրատվականներում բացակայում են նաև տարբեր իրավիճակների մասին հոդվածները, կամ ներկայացվում են իրենց ձեռնտու լույսի ներքո։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է լրատվականներին զերծ մնալ քաղաքականացվելուց և պահպանել լրագրության էթիկայի կանոնները։