Հարձակում «Հայելի» մամուլի ակումբի վրա

Հոկտեմբերի 5-ին հարձակում է տեղի ունեցել «Հայելի» մամուլի ակումբի վրա։ Ինչպես երևում է «Հրապարակ» լրատվականի տեսանյութից, մի խումբ երիտասարդներ ձվերով հարվածել և վիրավորական պոստերներ են փակցրել մամուլի ակումբի պատերին։
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունն իր անհանգստությունն է հայտնում։ Նմանօրինակ դեպքերը և լրատականների նկատմամբ ճնշումները պետք է բացառվեն։ «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հույս է հայտնում, որ ՀՀ ոստիկանությունն արագ կարձագանքի և օրինական դաշտ կբերի գործողությունների հեղինակներին։
«Մեդիա Պաշտպանը» չի ցանկանում իրավական գնահատական տալ երիտասարդների գործողություններին, բայց նախնական ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ արարքը խուլիգանական բնույթ ունի և կարող է պատժվել ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ կետով, այն է մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանություն։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը ևս մեկ անգամ հայտարարում է, որ սատար է կանգնելու խոսքի ազատությանը։ Նախաձեռնությունը պատրաստ է օրենքի շրջանակներում աջակցել «Հայելի» մամուլի ակումբին։