Փաշինյանը մեդիադաշտում շարունակում է ամենաքննարկվող քաղաքական գործիչը մնալ               

2019 թ-ի սեպտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 5 լրատվական կայք՝ armlur.am-ը, news.am-ը, armtimes.com-ը, a1plus.am և araratnews.am-ը։

Մշտադիտարկման արդյունքում ընտրված 5 կայքերում հայտարարագրվել է 527 հոդված։ Որոնցից 63-ը՝ բացասական, 15-ը՝ դրական, 449-ը՝ չեզոք են։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին տասնօրյակներ շարունակ գրվում են թե՛ բացասական, թե՛ դրական հոդվածներ, սակայն բացասականներն, այնուամենայնիվ, գերազանցում են դրականներին, չնայած դրան վարչապետը շարունակում է մնալ մեդիադաշտում ամենաքննարկվող քաղաքական գործիչը։

Մշտադիտարկվող տասնօրյակում «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանն ահազանգում էր, որ միջադեպ է գրանցվել մի մեքենայի վարորդի և ոստիկանների միջև։ Ըստ Նարեկ Սամսոնյանի՝ մեքենայի վրա ընդդեմ Նիկոլ Փաշինյանի պատկերներ են փակցվել, որոնց պատճառով ոստիկանները ծեծել և բերման են ենթարկել վարորդին։ Ոստիկանները տեղում հերքում էին ծեծելու մասին լուրը և պնդում էին, որ մեքենայի վրա պատկերների առկայությունն օրենքի խախտում է։

Ըստ լրատվականների հրապարակման՝ ՔՊ վարչության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բավական նյարդային է եղել ու ասել է, որ կադրային հարցեր չի պատրաստվում քննարկել վարչության նիստում։ Հրապարակման մեջ ասվում է նաև. «Ակնհայտորեն չէր մարսել Դավիթ Տոնոյանի հայտարարությունը` հրաժարականի դիմում չգրելու մասով, ինչպես նաև Վանեցյանի հայտարարությունը, որ ինքն է դիմում գրել և ոչ թե իրեն «հնարավորություն» են տվել գնալու»»:

Լրատվականների կողմից քննադատության է արժանացել նաև Նիկոլ Փաշինյանի և կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող զոհված զինծառայողների հարազատների միջև տեղի ունեցած բանավեճը։ «Yerevan.Today» լրատվականի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանն, անդրադառնալով միջադեպին, գրել է. «Փաշինյանը մտածում է, որ ԵԿՄ նախագահի օգնականը նրա ունեցվածքի կառավարի՞չն է։ Հիմա որևէ մի պաշտոնյայի օգնականը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի, կարող է իր ղեկավարի ունեցվածքին տիրանա՞լ։ Սա՞ է ակնարկում վարչապետը։ Ինչ մնում է Մանվել Գրիգորյանի ունեցվածքին, նա կարծեմ մի մասը ձեզ է տվել՝ կառավարությանը կամ ձեր թիմին, դուք եք տնօրինողը կամ շուտով` դառնալու, ծախեք, լուծեք հարցերը։ Ամեն դեպքում, զարմանալի էր Նիկոլ Փաշինյանի պահվածքը»։

Իշխանություններին շարունակում են քննդատել նաև Ամուլսարի շահագործման թեմայի հետ կապված, ինչպես նաև բավական մեծ թվով հոդվածներ են հրապարակվել Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի միջև տեղի ունեցող հեռակա բանավեճերի թեմայով։

News.am-ում գրվել է 192 հոդված․ բացասական՝ 43, դրական՝ 3, չեզոք՝ 146։

Լրատվականն անդրադարձել է վերը նշված խնդիրներին։ Բացի այդ հրապարակումներում տեղ են գտել նաև այնպիսի հոդվածներ, որոնցում Փաշինյանը և ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը մեղադրվում են տարատեսակ պայմանավորվածությունների մեջ։

Քննդատվել է նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի դեմ իրականացվող ակցիան։ Լրատվականը նշել է, որ Վլադիմիր Վարդանյանի առջև խնդիր են դրել. եթե կարողանա հասնել ՍԴ դատավորների հրաժարականին, նախարար կնշանակվի։

Դավիթ Շահնազարյանն ասել է, որ Վանեցյանի հրաժարականը վկայում է այն մասին, որ ներիշխանական թիմում խառնաշփոթ է։ Նախագահի նախկին թեկնածու Արամ Հարություննյանն, անդրադառնալով Արթուր Վանեցյանի հրաժարականին, ասել է, որ ճիշտ կլիներ՝ Վանեցյանը հասցներ կալանավորել Փաշինյանին։

armlur.am-ում գրվել է 97 հոդված․ բացասական՝ 14, դրական՝ 2, չեզոք՝ 81։

Լրատվականն անդրադարձ է կատարել Հրայր Թովմասյանի հետ կապված խնդրին։ Արթուր Վանեցյանի և Նիկոլ Փաշինյանի հակամարտությունը նույնպես եղել է լրատվականի ուշադրության կենտրոնում։ Հրապարակումներում նշվում է նաև, որ Նիկոլ Փաշինյանը կարող է ցրել խորհրդարանը։ Ըստ լրատվականի հրապարակման՝ խնդիր կա նաև Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։ Լրատվականի վերահրապարակումներում հանդիպում ենք նաև հոդվածի, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը կարդում է ֆեյսբուքյան իր էջի բոլոր մեկնաբանությունները։

Armtimes.com-ում գրվել է 94 հոդված․ բացասական՝ 1, դրական՝ 5, չեզոք՝ 88։

Լրատվականում տեղ է գտել Նիկոլ Փաշինյան-Արթուր Վանեցյան հակամարտության մեջ Նիկոլ Փաշինյանին աջակցող կարծիք, ըստ որի՝ ԱԱԾ տնօրենը հայտարարություն է արել իր հրամանատարի դեմ, այդ պահին նա դեռ ԱԱԾ ղեկավարն էր։ Լրատվականում նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը բոլոր պաշտոնյաներից բարձր է։ Նախկին ՄԻՊ Կարեն Անդրեասյանն իր խոսքում ասել է, որ Նիկոլ Փաշինյանի և նախկինների միջև հաշիվը 10։3 է՝ հօգուտ Փաշինյանի։ Լրատվականում նաև տեղ է գտել և դիտարկվել է, որպես բացասական Արթուր Վանեցյանի հրաժարականի տեքստը։

Araratnews.am-ում գրվել է 74 հոդված, բացասական՝ 1, դրական՝ 3, չեզոք՝ 70։

Հայկական ծագումով ամերիկացի հայտնի կինոդերասան Մարկո Խանի խոսքերը, ըստ որի՝ նա մասնակցելու է Լոս Անջելեսում կազմակերպվող հանրահավաքին և ասել է, որ Նիկոլ Փաշինյանի կողքին է լինելու, դիտարկվել է, որպես դրական։ Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի բարձր վարկանիշի շնորհիվ են շատերը հայտնվել ԱԺ-ում։

a1plus.am-ում գրվել է 70 հոդված․ բացասական՝ 4, դրական 2, չեզոք՝ 64։

Լրատվականում տեղ է գտել փաստաբան Հայկ Ալումյանի քննադատական կարծիքը Հրայր Թովմասյանի դեմ կատարվող իմպիչմենտի հայտարարություններից հետո։ ԱԱԾ նախկին փոխտնօրեն Գուրգեն Եղիազարյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ-ում տեղի ունեցած ելույթը։ Կայքում տեղ է գտել ՔՈ կուսակցության քննադատական հրապարակումը, ըստ որի՝ ՔՈ-ն նմանություններ է տեսել Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի գործողություններում։ Հրապարակման մեջ ասված է. ««Քաղաքացու որոշում» կուսակցությունը ստիպված է նմանություններ տեսնել Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի որոշ գործողություններում։ «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանն ասել էր. «Եթե Նիկոլ Փաշինյանի կառավարությունը, այնուամենայնիվ, շահագործելու վերաբերյալ որոշում կայացնի, ապա այդ որոշումը շատ նման կլինի, որպես վարչապետ, առաջադրվելու՝ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ որոշմանը։ Վստահ եմ, հանրությունը դրանից շատ կոնկրետ, աներկբա եզրակացություններ կանի»։ Կուսակցության գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանը բացատրում է. «Հայտարարություններն, ըստ էության, նույնական են. մարդը պայման է առաջադրել և այդ պայմանի բերումով գնացել է գործողությունների և վերջում եկել է և իր պայմանը խմբագրել է»։

Որպես դրական հոդված առանձնանում է Կարապետ Ռուբինյանի կարծիքը Նիկոլ Փաշինյանի մասին, ըստ որի՝ Նիկոլ Փաշինյանը ժողովրդավարություն է բերել, իսկ ԱՊՀ և ԵԱՏՄ-ը ղեկավարները չեն կարող դա ընդունել. «ՌԴ համար ժողովրդավարությունը մի վիրուս է, որը տարածվելու դեպքում վտանգավոր կլինի այդ երկրի քրեաօլիգարխիկ համակարգի համար։ Իսկ մեր վարչապետը ՀԱՊԿ կամ ԱՊՀ երկրների ղեկավարների շարքում որպես օտար մարմին է նստում։ Մյուս երկրների ղեկավարները պախաններ են՝ տարիներով «վերընտրվող» բռնապետեր։ Հիմա գալիս է մի տղա, որը ժողովրդավարություն է հաստատել ՀՀ-ում։ Պարզ չէ՞, որ նրանց շարքում օտար մարմին է»: