Աժ նախագահին այս տասնօրյակում շատ են անդրադարձել

2019թ-ի սեպտեմբերի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 739 հոդված, որոնցից 211-ը եղել է բացասական, 23-ը՝ դրական, 505-ը՝ չեզոք։

Աժ նախագահին այս տասնօրյակում շատ են անդրադարձել։ Գրաֆիկից երևում է, որ բացասական հոդվածներն ավելի շատ են։

Արարատ Միրզոյանը և ԱԺ «Իմ Քայլը» խմբակցությունը բազմաթիվ քննադատությունների են արժանացել ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման գործընթաց սկսելու պատճառով։ «Արմենիան Ֆրսթ» նախաձեռնող խումբն այս մասին գրել է. «Ընտրել են իրենց կարծիքով ամենավերացական և հեշտ հիմնավորվող հիմքը՝ էական կարգապահական խախտում: Ես կհորդորեի Աժ մեծամասնությանը Արարատ Միրզոյանի և խմբակցության ղեկավարի գլխավորությամբ նախաձեռնեին Վահե Գրիգորյանի լիազորությունների դադարումը հենց այն հիմնավորմամբ, որ նա վարկաբեկում է Սահմանադրական դատարանի հեղինակությունը, ու անհամատեղելի է դատավորի պաշտոնի հետ»։

Հասարակական և լրատվական դաշտում կարծիք կա, որ Հրայր Թովմասյանի հետ կապվող գործընթացը հակաօրինական է և ճնշում է դատական համակարգի դեմ։ Ըստ հրապարակման, Վլադիմիր Վարդանյանը, օգտագործելով Արարատ Միրզոյանի հետ մտերմությունը, դարձել է պատգամավոր և փորձում է հիմնավորել ՍԴ նախագահին իմպիչմենտ հայտնելու օրինականությունը, մինչդեռ երկար տարիներ աշխատել է ՍԴ֊ում։ Հրապարակման համաձայն, Վլադիմիր Վարդանյանի առջև խնդիր է դրվել, եթե հասնի ՍԴ նախագահի հեռացմանը, նախարար կնշանակվի։

Աժ Նախկին պատգամավոր, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը նույնպես քննադատել է Հրայր Թովմասյանին իմպիչմենտ հայտնելու որոշումը։ Նա գտնում է, որ Արարատ Միրզոյանի ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մասին հնչեցրած տեքստը հակասահմանադրական է։

Վերջին շրջանում ԱԺ աշխատակազմում կառուցվածքային փոփոխություններ եղան և ԱԺ մի շարք աշխատակիցներ հայտնվեցին կադրերի ռեզերվում։ Աշխատակիցներից Սպարտակ Առաքելյանը դատի է տվել Արարատ Միրզոյանին և ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին։ Նա պահանջում է անվավեր ճանաչել հուլիսի 13֊ին հաստատված հաստիքացուցակը, որի հետևանքով ինքը հայտնվել է կադրերի ռեզերվում։

Ըստ լրատվականների, Նիկոլ Փաշինյանի և Արարատ Միրզոյանի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել։ Պատճառը եղել է Արարատ Միրզոյանի Ամուլսարի հետ կապված դիրքորոշումը։ Հրապարակման մեջ ասված է. «Իրավիճակն անկառավարելի  դարձնելու մեջ մեղադրել է  ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին՝ ընդգծելով, որ շտապել է իր դիրքորոշումն արտահայտել՝ չսպասելով կուսակցության առաջնորդի կարծիքին: Ասում են՝ ԱԺ խոսնակ Արարատ Միրզոյանն իրավիճակից դուրս գալու համար արդարացել է, թե բա՝ երկրի երկրորդ դեմքն եմ, բայց իշխանության դիրքորոշումն ինձ հայտնի է դառնում խմբակցության հետ հանդիպման ժամանակ,  վարչապետն էլ իր հերթին՝ կոշտ հակադարձել է Միրզոյանին, ասելով՝  դու երկրի երկրորդ դեմքը չես, քո պաշտոնն է երկրորդը համարվում»:

Որպես դրական դիտարկվել է այն փորձագետների կարծիքը, ովքեր կողմ են եղել ՍԴ նախագահի մասին Արարատ Միրզոյանի հայտարարությանը։