Նիկոլ Փաշինյանի մասին նշված կայքերում դիտարկվել են թե՛ բացասական, թե՛ դրական հոդվածներ

2019 թ-ի սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 4 լրատվական կայք՝ armlur.am-ը, news.am-ը, armtimes.com-ը, a1plus.am և araratnews.am-ը։

Մշտադիտարկման արդյունքում ընտրված 5 կայքերում հայտարարագրվել է 455 հոդված։ Որոնցից 42-ը՝ բացասական, 22-ը՝ դրական, 391-ը՝ չեզոք են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին նշված կայքերում դիտարկվել են թե՛ բացասական, թե՛ դրական հոդվածներ։ Լրատվականներում տեղ է գտել Արմեն Աշոտյանի՝ իշխանություններին ուղղված քննադատական հոդվածը, որտեղ Աշոտյանը խոսում է տարբեր խնդիրների մասին․«Հետհեղափոխական «պախմելի» վերջին, ամենակարեւոր փուլն է, որից կախված է ողջ երկրի առողջացման դեռեւս առկա հնարավորությունը։ Այս խմբին (խմբ. նկատի ունի #SutNikol հեշթեգի կողմնակիցներին) պատկանող մարդիկ կամ ի սկզբանե են հասկացել մեզ հրամցված թավշյա էքստազի վտանգները, կամ ազնվորեն վերլուծելով, այդ թվում՝ սեփական միամտությունը, եւ անցնելով քաղաքական կատարսիսը՝ ինքնամաքրումը, եկել են միարժեք եւ միակ ճիշտ եզրահանգման. Նիկոլ Փաշինյանը կեղծ փրկիչ էր, կեղծ շերիֆ, կեղծ մանրադրամ»։

Քննադատությունները շարունակվում են Ռոբերտ Քոչարյանի գործի հետ կապված։ Երկրորդ նախագահի կողմնակից, նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը գտնում է, որ իշխանություն իր գործողություններում օրենքներ է խախտում և առաջնորդվում՝ «մարդուն գտեք, հոդվածը կգտնվի» սկզբունքով։

Դրական է դիտարկվել այն հոդվածը, որտեղ նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը ՔՊ կուսակցության ներսում շարունակում է բարձր հեղինակություն ունենալ։

Ստորև ներկայացնենք լրատվականների հրապարակումները և անդրադառնանք այլ դրական և բացասական հոդվածների։

News.am-ում գրվել է 88 հոդված, բացասական՝ 28, դրական՝ 7, չեզոք՝ 135։

News.am-ում հրապարակվել է Արմեն Աշոտյանի քննադատական հոդվածը։ Արամ Հարությունյանի կարծիքը և անդրադարձ է եղել Ամուլսարի հիմնախնդրին, որի մասին «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունն իր դիտակումներում բազմիցս անդրադարձել է։ Կայքում տեղ է գտել նաև ՔՈ հայտարարությունը, ըստ որի՝ կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, փորձում է լրացուցիչ անհասկանալի և վիճահարույց փաստարկներով հիմնավորել իր հռչակած սկզբունքից հրաժարվելու որոշումը․ «Կյանքն ապացուցել է, որ դա չի ներվում որևէ գործչի կամ քաղաքական ուժի։ Խոսքի և գործի այսպիսի շեղումը կարող է հանգեցնել վստահության տոտալ ճգնաժամի»։

armlur.am-ում հրապարակվել է 170 հոդված, բացասական՝ 2, դրական՝ 7, չեզոք՝ 79:

Կայքում տեղ է գտել Էդուարդ Շարմազանովի քննադատական խոսքը, որն ուղղված է Փաշինյան-Սեֆիլյան հանդիպմանը։ ԱԺ նախկին փոխխոսնակն ասել է. «Նախ` մտահոգիչը ոչ թե նախկին իշխանությունների ակտիվացումն է, այլ մտահոգիչն ու խայտառակությունը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումն է կառավարությունում մի կուսակցության ներկայացուցիչների հետ, որոնց անդամները ահաբեկչական գործողություններ են իրականացրել ՀՀ-ի դեմ, որոնց գործողությունների հետևանքով երեք ոստիկան է զոհվել, մի կազմակերպության ներկացուցիչների հետ, որի գործողությունը նաեւ ԱՄՆ-ի դեսպանն է ահաբեկչություն որակավորել ու այլ միջազգային կառույցներ: Մտահոգիչը սա պետք է լինի, մնում էր` մեր գործողություններին գնահատականներ տային»:

Դրական հոդվածների մեջ տեղ են գտել այնպիսի հոդվածներ, որոնց համաձայն Լոս Անջելեսում Փաշինյանի հետ հանդիպմանը պատրաստվում են 30.000 հայեր և այն հոդվածը, ըստ որի՝ նախագահ Արմեն Սարգսյանը փորձում է զգուշանալ Նիկոլ Փաշինյանից և հաշվի է նստում նրա գործողությունների հետ։

Armtimes.com-ում հրապարակվել է 86 հոդված, բացասական՝ 3, դրական՝ 3, չեզոք՝ 80:

Կայքում որպես բացասական հոդվածներ դիտարկվել են Ամուլսարի հետ կապված խնդրին բնապահպանների անդրադարձը։ Բնապահպանները, անդրադառնալով վարչապետի կոչին, պատասխանել են՝ Ամուլսարի դիրքերը չեն բացվելու, այլ ավելի ամրանալու են։ Ըստ կայքի, դատական համակարգի հետ կապված քննադատություներ կան․ «Այն բանից հետո, երբ մշակույթի նախկին փոխնախարար Նազենի Ղարիբյանը թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանին ազատեց տնօրենի պաշտոնից, այստեղ եւս խռովություններ սկսվեցին: Օպերային թատրոնի անձնակազմը ստորագրահավաք կազմակերպեց՝ hաջակցություն Օրբելյանի եւ ընդդեմ Նազենի Ղարիբյանի: Նրանք հանդիպում ունեցան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն հանդիպումը ոչինչ չտվեց: Ըստ ՏԻՄ օրենքի՝ Օրբելյանը չի կարող միաժամանակ զբաղեցնել թատրոնի տնօրենի եւ գեղարվեստակ ղեկավարի պաշտոնը: Թատրոնի անձնակազմը ՀՀ վարչապետին էր ներկայացրել Ղարիբյանի՝ Օրբելյանին ազատելու համար հիմք ընդունած 10 կետից բաղկացած փաստարկների հակափաստարկները: Երկու ամիս պատասխան չստանալուց հետո Օրբելյանը դիմեց դատարան: Դատական պրոցեսը դեռ ընթացքի մեջ է»:

Դրական հոդվածների մեջ է դիտակվել այն հոդվածը և հայտարարությունը, որտեղ Լիլիթ Մակունցը խոսելով «Իմ Քայլը» խմբակցության անունից հաստատել է, որ Ամուլսարի հարցում «Իմ քայլը» համաձայն է վարչապետի դիրքորշման հետ։

a1plus.am-ում հրապարակվել է 70 հոդված, բացասական՝ 8 հոդված, դրական՝ 1, չեզոք՝ 61:

Կայքում տեղ է գտել Արմեն Աշոտյանի հոդվածը։ Քննադատությունը կապված Ամուլսարի հետ և Գառնիկ Իսագուլյանի հարցազրույցը, ըստ որի՝ շատ դատավորներ ենթակվում են Նիկոլ Փաշինյանին և կատարում են վարչապետի ցանկությունները։  Ալեքսանդր Չերֆն էլ իր հերթին գնդակ է նվիրել Նիկոլ Փաշինյանին և այս հոդվածը դիտարկվել է որպես դրական։

Araratnews.am-ում հրապարակվել է 41 հոդված, բացասական՝ 1 հոդված, դրական՝ 4, չեզոք՝ 36:

Կայքում որպես դրական դիտարկվել է այն հոդվածը, ըստ որի՝ Լոս Անջելեսում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը պատրաստվում է 30.000 մարդ և հոդվածը՝ Տորոնտոյի խոշոր կինոփառատոնին ներկայացվող թավշյա հեղափոխության մասին պատմող ֆիլմի վերաբերյալ։