«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունն ահազանգում է մամուլի ազատությունը սահմանափակելու հերթական փորձի մասին

2019թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր, ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի անդամ Սուրեն Գրիգորյանը լրագրողների հետ կազմակերպված ասուլիսի ժամանակ փորձել է ուղղորդել լրագրողների գործունեությունը և սահմանափակել խոսքի ազատությունը։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սուրեն Գրիգորյանի այս քայլը որակում է որպես լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելուն ուղղված հերթական գործողություն:
«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը, ուսումնասիրելով տեսանյութը, անընդունելի է համարում պատգամավորի նման գործելաոճը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ հիմնական բանախոսը կամ բանախոսները կարող են նախապես հանդես գալ իրենց կողմից պատրաստած զեկույցով, այնուհետև լրագրողներն ազատ պետք է լինեն հարցեր ուղղելու գործում։ Սա մամուլի և խոսքի ազատության հիմնարար սկզբունքներից է: Հանրությանը և լրագրողներին հետաքրքրող բոլոր հարցերը կարող են հնչեցվել, իսկ պատգամավորները և զեկուցողներն իրավունք ունեն հրաժարվել հարցերին պատասխանելուց։
Հորդորում ենք ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սուրեն Գրիգորյանին և նրա գործընկերներին չփորձել որևէ ձևաչափով սահմանափակել խոսքի և լրատվամիջոցների գործունեության ազատությունը, մնալ մասնագիտական քննարկման և մասնագիտական էթիկայի շրջանակներում: «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը շարունակելու է ուշի ուշով հետևել խոսքի ազատությանը խոչընդոտելու բոլոր դեպքերին և հավուր պատշաճի բարձրաձայնելու է առկա խնդիրների մասին՝ անհրաժեշտության դեպքում նաև իրավական գործիքակազմով։