Այս տասնօրյակում ևս բացասական հոդվածները գերազանցում են

2019 թ-ի սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարագրել է 214 հոդված, որոնցից 23-ը եղել է բացասական, 13-ը՝ դրական, 178-ը՝ չեզոք։

ԲՀԿ առաջնորդի մասին այս տասնօրյակում ևս բացասական հոդվածներն ավելի են, քան դրականները։ Նախ Գագիկ Ծառուկյանի և Խաչատուր Սուքիասյանի զավակների պսակադրութունը մեծ քննարկման առարկա դարձավ ոչ միայն համացանցում, այլև լրատվականներում։ Քննադատության արժանացավ հարսանեկան արարողության հրավառությունը, որն ըստ լրատվականների տեղի է ունեցել օրենքի խախտումով։ Այնուհետև լուր տարածվեց, որ հրավառության դեպքի առթիվ ոստիկանությունում արձանագրություն է կազմվել։

Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ այն կարծիքին, որ Գագիկ Ծառուկյանը պետք է լքի քաղաքականությունը։ Այս ամենի հետ մեկտեղ լրատվականները գրում են, որ Ծառուկյանը երկու քարի արանքում է հայտնվել չկողմնորոշվելով՝ հրավիրել Սերժ Սարգսյանին դստեր հարսանեկան արարողությանը, թե ոչ։

Լրատվականները գրում են, որ Գագիկ Ծառուկյանին պատկանող շատ հաստատություններում պարբերաբար ստուգումներ են անցկացվում։ Ըստ հրապարակումների, իշխանություններն անգամ չեն թաքցնում, որ այս ամենը Ծառուկյանի քաղաքականության մեջ մնալու գինն է։

«Զբոսավարներ հարավից» ՀԿ-ի փոխնախագահ Դավիթ Հակոբյանը նշել է, որ Կապանում գործող ցեմենտի գործարանի շահագործման հարցով քննարկում է տեղի ունենալու։ Նա ասել է, որ Գագիկ Ծառուկյանի ցեմենտի գործարանը կիսակառույց է և հավելել է, որ այն ապօրինի է կառուցվում, քանի որ որևէ շինթույլտվություն չկա։

Նշվում է, որ մարտի մեկի իրադարձությունների ժամանակ Գագիկ Ծառուկյանը և Սամվել Ալեքսանյանը ԼՂՀ-ից բերված զինվորականների համար սնունդ են հատկացրել։

Որպես դրական հոդվածներ առանձնացվել են այն հրապարակումները, որտեղ նշվում է, որ Ամուլսարի հարցում Գագիկ Ծառուկյանը աջակցում է հասարակական սեկտորին և պատրաստ է փակել իր հանքերը, եթե դրանք որևէ ձևով վտանգ կներկայացնեն քաղաքացիների համար։