Լիլիթ Մակունցի հեղինակությունը ՔՊ-ում բարձր է            

2019 թ-ի սեպտեմբերի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ պատգամավոր Լիլիթ Մակունցի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 89 հոդված, որոնցից 4-ը եղել է բացասական, 13-ը դրական, 72-ը՝ չեզոք։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն այս տասնօրյակում դրական իմիջով է հանդես եկել։ Լրատվականներում նրա մասին առաջին անգամ դրական հոդվածները գերակշռում են բացասականներին։ Որպես դրական գնահատվել է այն հրապարակումը, ըստ որի՝ Լիլիթ Մակունցի հեղինակությունը ՔՊ-ում բարձր է։ Հրապարակման համաձայն՝ ՔՊ նիստերի ժամանակ «եղանակ ստեղծողները» երեքն են՝ Նիկոլ Փաշինյանը, Լիլիթ Մակունցը և Աննա Հակոբյանը։

Ըստ մամուլի հրապարակումների՝ վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը զայրացել է Լիլիթ Մակունցի և Հակոբ Սիմիդյանի գործողությունների արդյունքում։ Լրատվականը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը դժգոհել է «Իմ Քայլը» դաշինքի պատգամավորների աշխատանքի գնալու հաճախականությունից և արդյունքում զայրացել է՝ ասելով, որ «Լիլիթ Մակունցը և Հակոբ Սիմիդյանը իրավիճակին չեն տիրապետում՝ ով ուզում, երբ ուզում գալիս և ինչ ուզում, խոսում է»։

Լիլիթ Մակունցը, վերջերս խոսելով Ամուլսարի շրջափակման թեմայով, ասել էր, որ պատկան մարմինները, իհարկե, պիտի առաջնորդվեն իրենց լիազորություններով։ Բնապահպան Շիրակ Բունիաթյանը, մեկնաբանելով ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքը, ասել է, որ իրենք պատրաստ են բոլոր մեթոդներին։