Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ ամենալուսաբանվող քաղաքական գործիչը

2019 թ-ի օգոստոսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 4 լրատվական կայք՝ aravot.am-ը, azatutyun.am-ը, armtimes.com-ը և lragir.am-ը։

Մշտադիտարկման արդյունքում ընտրված 4 կայքերում հայտարարագրվել է 401 հոդված։ Որոնցից 30-ը՝ բացասական, 20-ը՝ դրական, 351-ը՝ չեզոք են։

Նիկոլ Փաշինյանը շարունակում է մնալ ամենալուսաբանվող քաղաքական գործիչը։ Այս տասնօրյակում բացասական և դրական հոդվածները գրեթե հավասար են, սակայն բացասական հրապարակումներն ավելի սուր են։  Օրեր առաջ հարցազրույց տվեց Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը։ Նա քննադատեց Նիկոլ Փաշինյանի իշխանությանը․ «2018 թվականի ԱԺ ընտրությունները եղել են անօրինական: Բոլոր այն գործողությունները, որոնք կատարել է Նիկոլ Փաշինյանը քրեորեն հետապնդելի արարքներ են: Կոչ դատարանների դեմ. սա ոչ թե սահմանադրական կարգի տապալման փորձ է եղել, որը առաջադրել են Ռոբերտ Քոչարյանին, այլ դա անմիջական Սահմանադրական կարգի տապալում է եղել: Կգա ժամանակը, եւ բոլորը պատասխան կտան»: Բալասանյանն անդրադարձավ նաև Արցախի ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններին՝ կասկածի տակ առնելով հարցը, թե ինչու է որոշվել հենց այդ կազմակերպություններին գումար հատկացնել։

Արարատի մարզպետի նախկին տեղակալ Հայրապետ Բաբայանն էլ գտնում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու գործողությունները չեն համապատասխանում միմյանց․ «Հիմա բոլորովին այլ բնույթի հայտարարություններ են արվում: Գործունեության մեջ էլ երևույթներ կան, որոնք իրեն տանում են դեպի ցայտնոտային իրավիճակ: Թավշյա, ոչ բռնի հեղափոխություն, Հայաստանը միավորելու, հայ ժողովրդին միավորելու հայտարարություններ, այնինչ հիմա տեսնում ենք սեւերի ու սպիտակների բաժանում. ամեն ինչ անում են, որպեսզի հասարակությունը չկարողանա միավորվել հանուն Հայաստանի ապագայի»,- նշել է Հայրապետ Բաբայանը։

Ստանիսլավ Տարասովն էլ խոսել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի մասին։ Ըստ Տարասովի, Մոսկվայում մինչ օրս չեն կարողանում հասկանալ Քոչարյանի դեմ իրականացվող գործողությունները։

Ինչ վերաբերում է Ամուլսարին, այս հարցում ևս Նիկոլ Փաշինյանին քննադատել են։

Lragir.am-ում հրապարակվել է 133 հոդված, բացասական՝ 5, դրական՝ 4, չեզոք՝ 124։

Կայքն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի Լեհաստանի Կրինիցա Զդրույ քաղաքում անցկացվելիք 29-րդ միջազգային տնտեսական համաժողովին չմասնակցելու հնարավոր պատճառներին։ Ըստ լրատվականի, տեսակետ կար, որ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել այդ համաժողովին, որովհետև Վլադիմիր Պուտինին չեն հրավիրել Լեհաստան, իսկ Նիկոլ Փաշինյանը այսպիսով համերաշխություն է հայտնել ՌԴ նախագահին։ Ամուլսարի հետ կապված կայքում նաև տեղ է գտել Հայ Կառուցողական կուսակցության հայտարարությունը, որտեղ վերջիններս ողջունել են Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումը։

Aravot.am-ում հրապարակվել է 121 հոդված, բացասական՝ 21, դրական՝ 9, չեզոք՝ 91։

Վիտալի Բալասանյանը հարցազրույց էր տվել Aravot.am-ին և ինչպես արդեն նշեցինք կոշտ քննադատության էր ենթարկել իշխանություններին։ Արմեն Աշոտյանը նույնպես քննադատել է, մասնավորապես, անդրադառնալով Արցախյան հակամարտությանը։ Ըստ Աշոտյանի, տպավորություն կա, որ բանակցային վերջին փաստաթղթերը կամ ամբողջությամբ չեք կարդացվել, կամ ընթերցվել են, բայց չեն ընկալվել։ Անդրադարձ կա Ամուլսարին։ Դրական հոդվածներում կարելի է հանդիպել քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքին։ Ըստ քաղտեխնոլոգի. «Դժվար է ասել, թե իշխանությունն ինչպես է ընկալում, գնահատում իրավիճակը, որովհետև, ընդհանուր առմամբ, մեկուկես տարին ցույց տվեց, որ իշխանություն հասկացությունը և Նիկոլ Փաշինյան երևույթը շատ տարբեր բաներ են: Ամբողջ իշխանությունը բավականին ամորֆ մի բան է, որն ամեն ինչ անում է, որ ոչինչ չանի ու ամեն ինչ թողնի նույն Ն. Փաշինյանի որոշմանը: Այսինքն, իշխանությունը փորձում է խուսափել պատասխանատվությունից և այն թողնել Ն. Փաշինյանի վրա»:

Armtimes.com-ում հրապարակվել է 97 հոդված, բացասական՝ 2, դրական՝ 6, չեզոք՝ 89։

Որպես դրական հոդված առանձնացվել է այն հրապարակումը, ըստ որի Նիկոլ Փաշինյանը «Ռեալի» ֆուտբոլիստների ստորագրությամբ մարզաշապիկ է նվեր ստացել։ ԱԻՆ նախարարն էլ նշել է, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը դրական է անցել և հույս է հայտնել, որ Էապես կբարձրանա հատկապես ԱԻՆ ՓԾ կրտսեր կազմի աշխատավարձը։ Որպես բացասական հոդված առանձնացված է այն միջադեպը, երբ լուծարվող գիշերօթիկների աշխատակիցները վարչապետի հետ չկարողացան խոսել։

Azatutyun.am-ում հրապարակվել է 50 հոդված, բացասական՝ 2, դրական 1՝ չեզոք՝ 47։

Կայքում տեղ է գտել նախկին պատգամավոր Արամ Մանուկյանի լրագրողի հետ զրույցը։ Ըստ նախկին պատգամավորի, Հեղափոխական իշխանությանը իրատեսությունն է պակասում։ Որպես դրական գնահատվել է այն հրապարակումը, ըստ որի հաստատվել է ԶՈՒ սպաների և ենթասպաների բնակարան ձեռք բերելուն կամ տուն կառուցելուն պետական աջակցության ծրագիրը։

Վերը նշվածից պարզ է դառնում, որ այս պահին իշխանության համար խնդրահարույց են նախկինում արված հայտարարությունները, որոնք այս պահին հակասում են գործողություններին։ Իսկ Ամուլսարի հարցով դեռ չկա հստակ որոշում, քննարկումները միայն ավելի են խճճում իրավիճակը։