Արայիկ Հարությունյանի թիմը բացատրական որևէ աշխատանք չի տանում

Երկու տասնօրյակ անընդմեջ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի մասին դրական հոդվածներ լրատվական դաշտում բացակայում են։ Ի հակառակ դրան՝ բացասական հոդվածները շարունակում են տարաբնույթ լինել։

Արայիկ Հարությունյանը հայտարարել է, որ հաջորդ տարի ուսուցիչների աշխատավարձը բարձրանալու է և 108 հազար դրամից պակաս չի լինելու, լրագրող Ոսկան Սարգսյանի մոտ այս հայտարարությունը հարցեր է առաջացրել. «Գյուղական փոքր, քիչ աշակերտ ունեցող դպրոցների ուսուցիչները, ովքեր քիչ դասաժամեր ունեն և համեստ ռոճիկ, կրճատվելո՞ւ են, Հայաստանում քանի՞ ուսուցիչ է դառնալու գործազուրկ»։ Բացի այդ նա այս հայտարարությանը թերահավատորեն է վերաբերվում. «Հուսամ, որ նախարար Հարությունյանի այդ խոստումը չի համալրելու նոր իշխանության խոստացված, սակայն չկատարված բազում խոստումների ցանկը»։

Պատմության դասագրքերի հետ կապված քննարկումներ են սկսվել, որոնք մեծապես վերաբերվում են Մարտի 1-ի իրադարձությունների թեմայի՝ դասագրքերում լինել-չլինելու հարցին։ Նախարարն այս խնդրով զգուշություն է ցուցաբերում, իսկ լրատվականներում նախարարի զգուշությունը քննադատության է արժանանում։

Ամուլսարի խնդիրը նաև հասել է կրթական ոլորտ։ Այսպես, Գայանե Շագոյանը ցանկանում է հեռանալ ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի կազմից։ Նա իշխանության հետ գաղափարական տարաձայնություններ ունի Ամուլսարի հետ կապված և նրա հեռանալու հիմնական պատճառ դա է նշվում։

Այսպես, խնդիրները տարաբնույթ են, իսկ նախարարի թիմը բացատրական որևէ աշխատանք չի տանում գոյություն ունեցող հարցերի պարզաբանման ուղղությամբ։