Արսեն Թորոսյանը ձգտում է վերականգնել իր դրական վարկանիշը

ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի վերաբերյալ այս տասնօրյակում բավական թվով դրական հոդվածներ են հրապարակվել, չնայած բացասականները շարունակում են գերակշռել։

Դրական հոդվածների համար հիմք է հանդիսացել՝ Գյումրիում նոր ծննդատուն կառուցելու լուրը, զինվորական կոմիսարիատներին կից բժշկական հանձնաժողովներում ընդգրկված բուժաշխատողների կողմից փոխհատուցում ստանալու մասին որոշումը և Արմավիր-Թալին ճանապարհին տեղի ունեցած ավտովթարին Թորոսյանի կողմից արագ արձագանքելը։

Բացասական հոդվածների հիմք հիմնականում հանդիսացել են Մարինա Խաչատրյանի հարցազրույցները, ինչպես նաև առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Էդգար Խուրշուդյանի աշխատանքից ազատումը։ Ըստ Մարինա Խաչատրյանի՝ Արսեն Թոորոսյանը արտերկրում պաշտոն և գումար ստանալու համար պատրաստ է տարբեր գործողությունների։ Ըստ Մարինա Խաչատրյանի՝ Խուրշուդյանին աշխատանքից ազատել են անձնական խնդիրների պատճառով, ինքը Խուրշուդյանը չի հերքում, որ իր ու Արսեն Թորոսյանի հարաբերությունները լարված են։

Արսեն Թորոսյանին մեղադրում են նաև Ստամբուլյան հռչակագրի քարոզչություն իրականացնելու մեջ։ Մարինա Խաչատրյանը դիմում է ներկայացրել նաև Արսեն Թորոսյանի դեմ։ Ավագանու նախկին անդամը գտնում է, որ Արսեն Թորոսյանը ծառայությունից խուսափել է օրենքի խախտումով։ Նա հիմք է ընդունել այն փաստը, որ Արսեն Թորոսյանն արյուն է հանձնել, այն դեպքում, երբ դրա իրավունքը չուներ, եթե նախարարի ներկայացրած առողջական խնդիրները հիմնավոր են։

Արսեն Թորոսյանին նաև մեղադրում են ոլորտում տիրող իրավիճակի համար, մասնավորապես՝ դիահերձարաններում առկա իրավիճակի ու Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի գործունեությունից դժգհությունների և բարձրացրած խնդիրների մասով:

Արսեն Թորոսյանը ձգտում է վերականգնել իր դրական վարկանիշը, սակայն կան հարցեր, որոնց պատասխանները դեռևս տրված չեն։