Բացասական հոդվածները տարաբնույթ են՝ մարտի 1-ից մինչև աղբահանություն

Մշտադիտարկման արդյունքում ընտրված 5 կայքերում հայտարարագրվել է 194 հոդված, որոնցից 35-ը՝ բացասական, 20-ը՝ դրական, 139-ը՝ չեզոք։

Այս տասնօրյակում բացասական և դրական հոդվածների տարբերությունը մեծ չէ, բայց այնուամենայնիվ վարչապետը դեռ շարունակում է բացասական վարկանիշ ունենալ լրատվականներում։ Բացասական հոդվածները տարաբնույթ են՝ մարտի 1-ի գործից մինչև աղբահանություն։

Մարտի մեկի գործի մասին բանավեճի ժամանակ ԲՀԿ նախկին պատգամավոր Ստեփան Մարգարյանը հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանն այդ բախումներից մեկի կողմն էր ու ասել է. «Նույն ձեւ կարող եք ասել, որ Նիկոլի օրոք եք ունեցել Մարտի 1-ը, որովհետեւ գլխավոր գործողներից մեկը ինքն էր, ինքն էր միտինգները վարողը: Երբ լինում է բախում, երկու կողմն էլ մեղավոր են»:
Երևան քաղաքի ավագանու անդամ Դաիթ Խաժակյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է քաղաքում տիրող ներկա աղբահանության վատ վիճակի համար։ Դավիթ Խաժակյանը հիշեցնում է, որ Փաշինյանը երաշխավորել է քաղաքային խնդիրների լուծումը, բայց մեկ տարի անց, ըստ ավագանու նա մի կողմ է քաշվել և պատասխանատվություն չի կրում իր երաշխավորության համար։
Ստամբուլյան հռչակագրի մասին կարծիք հայտնելիս, Արմեն Աշոտյանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարողանում «Թավշյա Հեղափոխություն» բրենդը վաճառել Արևմուտքում և հռչակագիրը վավերացնելուց հետո, ըստ նախկին պատգամավորի` Փաշինյանը ցանկանում է ևս տարիուկես ժամանակ շահել Արևմուտքում։

Aravot.am-ում հրապարակվել է 60 հոդված՝ 24-ը՝ բացասական, 7-ը՝ դրական, 29-ը՝ չեզոք։
Կայքը հրապարակել է վերը նշված բոլոր քննադատությունները։ Կայքում տեղ են գտել նաև այնպիսի կարծիքներ, որոնցում Նիկոլ Փաշինյանը մեղադրվում է Ռոբերտ Քոչարյանին հետապնդելու և այն, որ այս իշխանություններն էլ են աստիճանաբար կտրվում հասարակությունից։ Դրական հոդվածներից կարելի է առանձնացնել այն փաստը, որ Նիկոլ Փաշինյանը նախկին 3 ղեկավարներից ավելի շատ է մամլո ասուլիսներ տվել։

Lragir.am-ում հրապարակվել է 48 հոդված՝ 3-ը՝ բացասական, 4-ը՝ դրական, 41-ը՝ չեզոք։
Կայքը հավանաբար գտնվում է արձակուրդային վիճակում և բավական պասիվ է լուսաբանել երկրում տեղի ունեցող գործըթացները։ Կայքում քննադատությամբ է հանդես եկել «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը։ Նա անդրադառնալով դատական համակարգին ասել է. «Երբ Փաշինյանը հայտարարում է, որ շանս էր տալիս դատավորներին, ես չգիտեմ՝ լա՞մ, թե խնդամ։ Պատկերացնու՞մ եք, նույն հիմնավորմամբ ԱԺ ընտրությունները չանցկացվեին, փորձեին հանրապետականներին շանս տալ»։ Կայքը նաև անդրադարձել է Ստամբուլյան հռչակագրին և կարծիք է հայտնել, որ դրա ընդունումը տապալվելու է, մասնավորապես ասվում է. «Այն ջանքերը, որոնք ներկայումս ներդնում է Նիկոլ Փաշինյանը՝ «Իմ քայլը» խմբակցությունում կոնսենսուս ապահովելու նպատակով, որպեսզի կոնվենցիայի շուրջ հնարավորինս միասնական մոտեցում լինի, փաստացի, ձախողման վտանգի տակ են» ։

armlur.am-ում հրապարակվել է 41 հոդված՝ 6-ը՝ բացասական, 5-ը՝ դրական, 30-ը՝ չեզոք։
Կայքը ֆիքսվել է Ստամբուլյան հռչակագրի վրա և հրապարակումների համաձայն Նիկոլ Փաշինյանի թիմն այս հարցում միասնական չէ և ինչպես նշված է կայքում` իշխանական բուրգը լուրջ ճաքեր ունի հռչակագրի մասով։ Կայքում տեղ է գտել Հրայր Թովմասյանի հարցազրույցը Tert.am-ին։ Նշվում է, որ Ստամբուլյան հռչակագրի մասին Հայ Առաքելական Եկեղեցու կարծիքից հետո իրենց հեղափոխական թիմի մի մաս համարող Նիկոլ Փաշինյանի աջակիցները հարձակումներ են սկսել ՀԱԵ-ի դեմ։
Armtimes.com-ում հրապարակվել է 28 հոդված՝ 1-ը՝ բացասական, 4-ը՝ դրական, 24-ը՝ չեզոք։
Ըստ կայքի հրապարակման, երբ Կոնստանտին Օրբելյանը ազատվում է թատրոնի տնօրենի պաշտոնից, հաջորդ օրը Օպերային թատրոնի անձնակազմը բողոքի ցույց է անում, որից հետո հանդիպում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Նիկոլ Փաշինյանից որեւէ արձագանք չստանալով՝ Օրբելյանը դիմում է դատարան։ Ըստ կայքի հրապարական մամուլի ազատությունը աճ է գրանցել, իսկ բժիշկ Վահան Վարդապետյանն իր հերթին հիշեցնում է, որ Ռոբերտ Քոչարյանի օրոք «Ա1 +»-ը փակվել է: Կայքում տեղ է գտել Նիկոլ Փաշինյանին ու իր իշխանությունը գովաբանող Իսպանիայից ուղարկված մի նամակ։

Azatutyun.am-ում հրապարակվել է 17 հոդված՝ 1-ը՝ բացասական, 0-ը՝ դրական, 16-ը՝ չեզոք։
Կայքում տեղ գտած հոդվածի համաձայն չի կարելի ՍԴ-ում առաջացած խնդիրը լուծելու համար Սահմանադրական փոփոխությունների գնալ։ Կայքը այս հնգյակի մեջ ամենապասիվն է լուսաբանել դեպքերը տեքստային մակարդակում, բայց բավական շատ են տեսանյութերն ու հաղորդումները, որտեղ «Ազատություն» ռադիոկայանը միակողմանի է ներկայացրել ՍԴ-ում տիրող իրավիճակը և գործել է ի օգուտ իշխանությունների։