Հանրային հեռուստաընկերությանը հորդորում ենք չցուցաբերել ակնհայտ կողմնակալություն

Հայաստանի Հանրային հեռուստաընկերության օգոստոսի 6-ի հիմնական «Լուրեր»-ի թողարկման ընթացքում եթեր է հեռարձակվել ռեպորտաժ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին:

Ռեպորտաժում հիշեցնում են ՀՀ վարչապետի դիրքորոշումը ՍԴ-ի ու նրա նախագահի մասին, որը Նիկոլ Փաշինյանը հայտնել էր հուլիսի 17-ին «Ազատությանը» տված հարցազրույցում։ Ռեպորտաժը կառուցվում է Հրայր Թովմասյանի՝ ՍԴ նախագահ դառնալու հանգամանքների վրա, հղում են կատարում Վահե Գրիգորյանի՝ ԱԺ-ում հայտնի ելույթի որոշ դրվագներին, ապա արձանագրում են, որ Հրայր Թովմասյանը չի պատրաստվում հեռանալ և որ ՍԴ-ում համարում են, որ ճգնաժամ չկա։ Ռեպորտաժում ՀՀ վարչապետի ու Վահե Գրիգորյանի դիրքորոշումներին հակառակ տեսակետ չի ներկայացվում։

Անմիջապես վերոնշյալ ռեպորտաժից հետո «ՍԴ-ի ճգնաժամի» թեմայի վերաբերյալ «Լուրեր»-ը հարցազրույց է վարում ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Ռաֆիկ Գրիգորյանի հետ, որն էլ իր հերթին 8 րոպեանոց հարցազրույցում մանրամասն խոսում է սահմանադրական փոփոխությունների, ՍԴ անդամների ու նախագահի լիազորությունների ժամկետների վերաբերյալ, ուշադրություն հրավիրում այն հանգամանքին, թե ինչ խախտումներ են տեղի ունեցել 2018թ․ ապրիլի 9-ի դրությամբ ՍԴ-ի կազմի ձևավորման գործընթացում։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հորդորում է Հանրային հեռուստաընկերությանը, որը սնվում է հանրային միջոցներով, լրատվական բլոկում ապահովել համակողմանի տեղեկատվություն և չցուցաբերել ակնհայտ կողմնակալություն։