Հայկ Մարությանի ծանր ամառը          

2019թ-ի հուլիսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 201 հոդված, որոնցից 99-ը եղել է բացասական, 20-ը՝ դրական, 82-ը՝ չեզոք։

Լրատվականներում գրեթե բոլոր քաղաքական գործիչների մասին հոդվածները նվազել են։ Հիմնական պատճառը արձակուրդային շրջանն է, բայց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին լրատվականներն ու հասարակությունը կարծես չեն ցանկանում մոռանալ։

Մշտադիտարկման գրաֆիկից երևում է, որ բացասական հոդվածները բավական մեծ թիվ են կազմում, իսկ դրա հիմնական պատճառները շարունակում են մնալ քաղաքային խնդիրները։

Հայկ Մարությանի աշխատանքից դժգոհություն է հայտնել ՀՅԴ-ն։ Ըստ ՀՅԴ-ի՝ «Հայկ Մարությանի ղեկավարության ամիսներին Երևանում ոչ մի տեսանելի փոփոխություն չի եղել»։ ՀՅԴ-ն իր դժգոհությունը հայտնեց քաղաքապետարանի դիմաց ակցիա անցկացնելով, Արմեն Ռոստոմյանն իր հերթին քաղաքապետին լրջանալու կոչ է արել։

Երևանի կարևորագույն խնդիրներից է շարունակում մնալ աղբահանության հարցը։ Չնայած նրան, որ քաղաքապետարանը հայտարարում է, որ նոր մեքենաներ են ձեռք բերվել, հասարակությունը և լրատվականները անընդհատ սոցիալական ցանցերի և լրատվության միջոցով շարունակում են ցույց տալ աղբահանության բացերը։ Աղբահանության խնդրին անդրադարձել է նաև Երևան քաղաքի ավագանու անդամ Դավիթ Խաժակյանը. «Մենք որպես ավագանու անդամներ չգիտենք, թե քաղաքապետից ինչ պահանջենք, որովհետև քաղաքապետարանը միայն մեկ կոչ ունի՝ սպասեք ու սպասեք: Բայց այս ամենի արդյունքում «Սանիթեքն» ու քաղաքապետարանը մտել են ինքնանպատակ հակամարտության մեջ, որից տուժում է մեր հասարակությունը»։

Ըստ լրատվականների՝ աշնանը հնարավոր է քաղաքապետ Հայկ Մարությանը հրաժարական տա։ Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն ակցիա է իրականացրել Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ։ Նա քաղաքապետարան է փոխանցել վերելակի մանրակերտ` Հայկ Մարությանի խրտվիլակով:

Հայկ Մարությանի համար այս ամառը բավական ծանր է։ Քաղաքապետը պետք է խնդիրների լուծման հստակ ժամանակացույց ներկայացնի։