Բացասական հոդվածների թվաքանակն աճել է      

2019 թ-ի հուլիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 5 լրատվական կայք՝ aravot.am-ը, armlur.am-ը, azatutyun.am-ը, yerkir.am-ը և a1plus.am-ը։

Մշտադիտարկման արդյունքում ընտրված 5 կայքերում հայտարարագրվել է 324 հոդված։ Որոնցից 63-ը՝ բացասական, 13-ը՝ դրական, 248-ը՝ չեզոք են։

Այս տասնօրյակում նախորդի համեմատ բացասական հոդվածների թվաքանակն աճել է, դրականն՝ իջել։ Ընդդիմադիր քաղաքական գործիչների և լրատվականների շրջանում կարծիք է ձևավորվել, որ երկրում կատարվող գրեթե բոլոր իրադարձություններում միակ որոշում կայացնողը Նիկոլ Փաշինյանն է։ Վերջերս առողջապահությանն արտոնություններ տալու թեմայի շուրջ քննարկման ժամանակ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը հարցրել է՝ «իսկ ո՞վ է որոշելու, որ արտոնությունները պետք է տրվեն, օրինակ, միայն սրտաբանության ոլորտին»: Վահան Բաբայանն իր հերթին հավելել է. «Նիկոլ Փաշինյանն է որոշելու, էլ ո՞վ, չգիտե՞ք»:

Նիկոլ Փաշինյանի՝ Գյումրի կատարած այցի ժամանակ միջադեպեր են տեղի ունեցել։ Վարչապետն իր հերթին ասել է. «Էսօր ուրիշ բանի համար ենք եկել, մի գոռացեք։ Նաիրին իմ օգնականն է, բոլորիդ հերթով կլսի, թողեք մենք գնանք»։ Այս ամենը քննադատության արժանացավ հանրության կողմից, համացանցում սկսեցին համեմատականներ տանել Նիկոլ Փաշինյանի և Սերժ Սարգսյանի՝ «Էկել եք մեր տոնը փչացնում եք, որ ի՞նչ անեք․․․» հայտնի արտահայտությունների միջև։

Նիկոլ Փաշինյանը շարունակում է մեղադրվել Հրայր Թովմասյանի դեմ գործունեություն ծավալելու համար։ Դատական համակարգում անընդունելի են համարում նաև դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակ ներխուժելը։ Այս ամենը համարում են քաղաքական հետապնդում, քանի որ Դավիթ Գիրգորյանն էր Ռոբերտ Քոչարյանին ստորագրությամբ ազատ արձայելու որոշում կայացրել։

Aravot.am-ում հրապարակվել է 93 հոդված․ 27-ը՝ բացասական, 4-ը՝ դրական, 62-ը՝ չեզոք։ Նախորդ տասնօրյակի համեմատ կայքը չի պահել համեմատական բալանսը և բացասական հոդվածներն ակնհայտ ավելի են դրականներից։ Կայքում տեղ գտած հոդվածներից մեկում նշվում է, որ բենզինի գնի էժանացման հետ Նիկոլ Փաշինյանը որևէ կապ չի ունեցել և դա զուտ տնտեսական հաշվարկ է եղել։ Փաստացի ստեղծվում է իրավիճակ, որ Նիկոլ Փաշինյանի՝ բենզինի վրա ազդելու մասին լուրերն ուղղակի PR հնարքներ են եղել։ Այս տասնօրյակում կայքը հիմնականում սևեռված է եղել դատական իշխանությունում կատարվող իրավիճակին և կայքում հիմնականում քննադատական հոդվածներն են տեղ գտել։

Armlur.am-ում հրապարակվել է 67 հոդված․ 4-ը՝ բացասական, 5-ը՝ դրական, 58-ը՝ չեզոք։ Կայքում քննադատական են մոտեցել վեթինգի երևույթին և առհասարակ նշել են, որ եթե սահմանադրական փոփոխություններ տեղի ունենան, դա ընդամենը Վահե Գրիգորյանի համար է տեղի ունենալու։ Կայքը կրկին փորձել է չեզոքություն պահել։

A1 plus.am-ում հրապարակվել է 45 հոդված․ 3-ը՝ բացասական, 1-ը՝ դրական, 41-ը՝ չեզոք։ Կայքը կրկին չեզոքություն է պահպանում։ Քննարկման առարկա են դարձել դատական համակարգի շուրջ ծավալվող իրադարձությունները, իսկ հեղինակային քննադատական հոդվածներ չեն գրվել, բոլորը՝ վերահրապարակված են։

Yerkir.am-ում հրապարակվել է 84 հոդված՝ 26-ը՝ բացասական, 2-ը՝ դրական, 56-ը՝ չեզոք։ Կայքը շարունակում է ընդդիմադիր կեցվածք պահել և բացառապես քննադատական մոտեցումներ է ցուցաբերում ստեղծված քաղաքական իրավիճակում և որևէ կերպ չի ընդունում գործող իշխանությունների այս կամ այն քայլը։ Կայքում քննադատության են արժանացել Իջևանի դեպքերը և քաղաքացիների նկատմամբ կոշտ պահվածքը իրավապահների կողմից։ Ըստ լրատվականում տեղ գտած հոդվածի՝ «Իմ քայլը» դաշինքում զինվորական Արամ Խաչատրյանին հեռացրել են Ապրիլյան պատերազմը քննող հանձնաժողովից, որպեսզի տեղ բացվի Արեն Մկրտչյանի համար։ Նշվում է, որ այս որոշման ակունքներում կանգնած է Նիկոլ Փաշինյանը։

Azatutyun.am-ում հրապարակվել է 35 հոդված․ 3-ը՝ բացասական, 1-ը՝ դրական, 31-ը՝ չեզոք։ Որպես դրական հոդված կայքում տեղ է գտել Զարեհ Սինանյանի հարցազրույցը հայրենադարձության մասին։ Հայրենադարձության ցուցանիշները բավական շատ հարցեր էին առաջ բերել, համացանցային հրապարակումների համաձայն այդ թվերը, որոնք ներկայացրել էր Նիկոլ Փաշինյանն իրականությանը չեն համապատասխանում։ Հատկանշական է, որ այս լրատվականում տեղ է գտել նաև Հրայր Թովմասյանի հարցազրույցը։