Ներկայացվում է մեղադրողի եւ մեղադրողի դիրքորոշումը հաստատողի տեսակետ

«Ազատություն» TV-ի լրատվական կենտրոնի հուլիսի 27-ի թողարկման ընթացքում ռեպորտաժ է հեռարձակվում Մանվել Գրիգորյանի որդու՝ Էջմիածնի նախկին քաղաքապետ Կարեն Գրիգորյանին Քննչական կոմիտեի կողմից առաջադրված նոր մեղադրանքի թեմայի առնչությամբ։

Ռեպորտաժում հիշեցվում է Քննչական կոմիտեի՝ մեկ ամիս առաջ տարածած մամլո հաղորդագրությունը, համաձայն որի՝ 2015-2018թթ․ մի շարք անձինք որպես աշխատող են գրանցվել Էջմիածնի համայնքապետարանում, սակայն աշխատանքի չեն հաճախել և զբաղված լինելով այլ աշխատանքով համայնքային բյուջեից ստացել են աշխատավարձ: Բերվում են օրինակներ, որ մեկ անձը 7 տարի շարունակ աշխատանքի չի հաճախել, սակայն աշխատավարձ է ստացել, ընդհանուր առմամբ ավելի քան 5 միլիոն դրամ:

Այնուհետև ռեպորտաժի ընթացքում ներկայացվում է հեռախոսազրույց Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հետ, որն էլ իր հերթին տեղեկացնում է, որ քաղաքապետարանում եղել են նաեւ այլ չարաշահումներ։ Ռեպորտաժի վերջում միայն ասվում է, որ Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը` «նախկինում պնդել էր, որ Կարեն Գրիգորյանը իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում»։

Այսինքն, «Ազատություն» TV-ի լրատվական ամբողջ ռեպորտաժում ներկայացվում է միակողմանի դիրքորոշում՝ մեղադրողի եւ մեղադրողի դիրքորոշումը հաստատողի տեսակետ, իսկ Կարեն Գրիգորյանի կամ նրա պաշտպանի ներկայիս տեսակետը չի ներկայացվում, ինչը հակասում է անկողմնակալ տեղեկատվություն տարածելու սկզբունքին։