Նաիրա Զոհրաբյանը շարունակում է դրական արշավը լրատվականներում      

2019 թ․ հուլիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 190 հոդված, որոնցից 3-ը եղել է դրական, 1-ը՝ բացասական, 186-ը՝ չեզոք։

ՀՀ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը շարունակում է դրական արշավը լրատվականներում։ Այս տասնօրյակում լրատվականներում հրապարակումներ եղան այն մասին, որ տիկին Զոհրաբյանը թիրախավորվել է ԼԳԲՏ համայնքի կողմից։ Պատգամավորը, ամիսներ առաջ կոնֆլիկտ էր ունեցել տրանսգենդեր կին Լիլիթ Մարտիրոսյանի հետ և այդ համայնքը պարբերաբար փորձում է Նաիրա Զոհրաբյանի միջոցով բարձրացնել իրենց հարցը։ Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած ԱԺ Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի անդամ ԱԺ պատգամավոր Մարիա Կարապետյանն ըստ մամուլի հրապարակումների իր հերթին քննադատում է հանձնաժողովի աշխատանքները։

Նաիրա Զոհրաբյանն ակտիվ զբաղվում է նաև նախազորակոչային տարիքում գտնվող զինվորների և պարտադիր զինվորական ծառայության մեկնած զինվորների հարցերով։ Այս տասնօրյակում պատգամավորը զինծառայող Յուրի Բրոյանի հարցով էր զբաղվել և ասել է, որ զինծառայողը «սիմուլյանտ» չէ, նա չի կարող մեկնել զինծառայության և դիմել էր ՊՆ-ին։

Տիկին Զոհրաբյանն, ամենայն հավանականությամբ, քննադատությունների կարժանանա նաև այն ժամանակ, երբ ավելի ակտուալ դառնա Ստամբուլյան հռչակագրի ընդունման հարցը, որին ԲՀԿ-ն դեմ է, իսկ տիկին Զոհրաբյանը հայտնի է թիմային կեցվածքով և դժվար թե ԲՀԿ ընդհանուր գծից շեղվի։