Հարցերի պատասխանը հասարակությանը պետք է ստանա Հայկ Մարությանից      

2019թ-ի հուլիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 197 հոդված, որոնցից 72-ը եղել է բացասական, 4-ը՝ դրական, 121-ը՝ չեզոք։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին բացասական հոդվածները վկայում են այն մասին, որ քաղաքային խնդիրները դեռևս լուծված չեն, իսկ քաղաքացիները դժգոհ են։ Լրատվականները տեղեկացնում են, որ քաղաքապետարանը հնարավոր է տրանսպորտի գինը թանկացնի և հիշեցնում են, որ քաղաքապետը ժամանակին պայքարում էր 150 դրամների դեմ ու ակտիվ մասնակցում էր բողոքի ցույցերին։ Լրատվականներում զուգահեռներ են տարվում նաև Հայկ Մարությանի կերտած պերոսնաժների ու քաղաքապետի միջև, մասնավորապես հիշատակվում է «Ազիզյաններ» սիթքոմում կերտած կերպարը։

Քաղաքային տրանսպորտի հարցում մամուլը որևէ դրական տեղաշարժ չի նկատում, իսկ քաղաքապետի ընդդիմախոսներն այդ փաստերը վեր են հանում և ներկայացնում են հանրությանը։

Աղբահանությունը լրջագույն խնդիր է մնում, իսկ քաղաքացիներն անցնում են ծայրահեղ միջոցների։ Քաղաքացիներից մեկը որպես բողոքի նշան աղբամանին էր փակցրել քաղաքապետի նկարը։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հարգում է բոլորի ազատ խոսքի իրավունքը, սակայն ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, խիստ անձնական վիրավորանք պարունակող գործողությունները չի ողջունում։

Ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանն իր հերթին ասել էր, որ ըստ օդում կախված լուրերի՝ Հայկ Մարությանը հրաժարական է տվել, իսկ մամուլում տեղ են գտնում հրապարակումներ, թե վարչապետն օր առաջ պետք է ազատվի Հայկ Մարությանից։

Խնդիր կա նաև քաղաքապետարանի աշխատակազմի հետ։ Ըստ լրատվականների հրապարակումների՝ քաղաքապետը 40 տոկոսով փոխել է աշխատակազմը, սակայն նորանշանակ աշխատակիցները բարձր պարգևավճարներից զատ ոչնչով չեն զբաղվում։

Քաղաքապետը մի քանի հարցերի շուրջ հստակ դիրքորոշում պետք է հայտնի և նախընտրելի կլիներ, եթե նա հանդես գար մամլո ասուլիսով։ Կարևոր հարցերից են, աղբահանության խնդիրների լուծման տարբերակները, տրանսպորտային ցանցի վերազինումը, պարգևավճարների և աշխատակազմն ընտրելու հետ կապված նրբությունները։ Այս հարցերը հստակ պատասխաններ են պահանջում, այդ հարցերի պատասխանը հասարակությանը պետք է ստանա Հայկ Մարությանից, դրանք չպետք է լինեն միջնորդավորված։ Այդ դեպքում քաղաքապետի վարկանիշը հնարավոր է բարելավվի։