Լրատվական դաշտը շարունակում է պատգամավորին քիչ ուշադրության արժանացնել

2019թ-ի հուլիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Աժ պատգամավոր Էդմոն Մարուքյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 34 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարգրել է 137 հոդված, որոնցից 17-ը եղել է բացասական, 7-ը՝ դրական, 113-ը՝ չեզոք։

Էդմոն Մարուքյանը վերադարձել է մեր դիտակետ, սակայն արդյունքները կրկին այդքան էլ սփոփիչ չեն։ Լրատվական դաշտը շարունակում է պատգամավորին քիչ ուշադրության արժանացնել, իսկ Էդմոն Մարուքյանը քաղաքական ակտիվ գործողություններով աչքի չի ընկնում։ ՌԴ-ում Էդմոն Մարուքյանին Արմեն Աշոտյանի հետ սրճարանում էին նկատել, ինչը քննադատության պատճառ էր դարձել։ Այնուհետև լուր տարածվեց, որ Մոսկվայում տեղի ունեցած «Պառլամենտարիզմի զարգացումը» անունը կրող համաժողովի կարևոր նիստին՝ որտեղ Ադրբեջանցի պատգամավորներից մեկը Արցախի հարցով խիստ թիրախավորված ելույթ է ունեցել, Էդմոն Մարուքյանը և մեր պատվիրակության մնացյալ անդամները ներկա չեն եղել․ սա ևս քննադատության պատճառ դարձավ։ Այնուհետև, ըստ հրապարակումների, այդ հարցով խիստ զրույց է եղել նաև Էդմոն Մարուքյանի, պատվիրակության մյուս անդամների և Արարատ Միրզոյանի միջև։

Ստացվում է, որ Էդմոն Մարուքյանը, որպես խորհրդարանական ընդդիմադիր ուժի առաջնորդ, այդքան էլ քննարկվող անհատ չէ, իսկ միջազգային հանդիպման փորձն այս անգամ տապալվել է։