Հորդորում ենք պաշտոնյաներին՝ խնդիրները չհասցնել դատական պրոցեսների     

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ամիսներ առաջ դատարան էր դիմել ընդդեմ politik.am կայքի և գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիի՝ պատվին, արժանապատվությանը պատճառված վնասի հատուցման և զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքման պարտավորեցնելու պահանջով։ Դատարանը բավարել է Տիգրան Ավինյանի հայցը և պարտավորեցրել է Բորիս Մուրազիին, որպես փոխհատուցում Ավինյանին փոխանցել 1.000.000 (մեկ միլիոն) դրամ։

Բորիս Մուրազին շարունակում է պնդել, որ իր տրամադրած տեղեկությունները ճշմարիտ են և հավելում է, որ վճիռը բողոքարկելու է։ Ըստ Մուրազիի՝ խախտվել է արդար դատավարության սկզբունքը, քանի-որ հայցվոր կողմի փաստաբանն ավելի շատ թելադրողի, իսկ դատավորը լսողի դերում է եղել։

«Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը չցանկանալով միջամտել դատական պրոցեսներին, հորդորում է իշխանություններին ճնշումների չենթարկել լրատվական դաշտին, չօգտագործել ունեցած իշխանական լծակները, որևէ պարագայում չխախտել արդար դատավարության սկզբունքները։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հույս ունի, որ Տիգրան Ավինյանի խնդիրը ոչ թե մեդիային ճնշելն է, այլ արդարության վերականգնումը։ Այդ դեպքում փոխվարչապետը կարող էր հարցը լուծել մինչդատարանական կարգով։ Տիգրան Ավինյանն ուներ այդ հնարավորությունը․ նա կարող էր նախատեսված փորձաքննությունները շուտ անցնել և ապացուցել, որ թմրանյութ և նմանատիպ միջոցներ չի օգտագործել, ինչի արդյունքում հարցը տրամաբանական հանգուցալուծում կստանար։ Հանրությանը պետք է ապացուցել, որ հրապարակված հոդվածը ստահոդ է, իսկ դատարանի որոշումներում նմանատիպ տեղեկություններ չեն արտացոլվում։ Քիչ չեն դեպքերը, երբ քաղաքական գործիչներն իրենք են ապացուցում իրենց անմեղությունը։ Օրինակ՝ Տիգրան Ավինյանի քաղաքական թիմակից Ալեն Սիմոնյանն ինքը փորձեց ապացուցել, որ իր մեքենայի մասին տեղեկությունները սխալ են և փորձեց զերծ մնալ դատական գործընթացներից։

Հորդորում ենք մամուլի ազատությամբ նախանձախնդիր պաշտոնյաներին խնդիրները չհասցնել դատական պրոցեսների։