Կայքերից մեկը գրավել է բացարձակ ընդդիմադիր կեցվածք

2019 թ-ի հունիսի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 5 լրատվական կայք՝ aravot.am-ը, armlur.am-ը, azatutyun.am-ը, yerkir.am-ը և a1plus.am-ը։

Մշտադիտարկման արդյունքում ընտրված 5 կայքում հայտարարագրվել է 213 հոդված։ Որոնցից 48-ը՝ բացասական, 10-ը՝ դրական, 155-ը՝ չեզոք։ Այս տասնօրյակում լրատվականները հիմնականում անդրադարձել են հայ-ռուսական հարաբերություններին և ՔՊ վարչության վերջին ընտրություններին։ Կոնստանտին Զատուլինն իր հարցազրույցում քննադատել էր Նիկոլ Փաշիյանի թիմի քաղաքականությունը կապված ՌԴ-ի հետ։ «Ժառանգություն» կուսակցությունը ոչ արդյունավետ է համարել Նիկոլ Փաշինյանի մեկամյա կառավարությունը։ Լրատվականներում խնդիրներ են բարձրաձայնվում կապված բիզնես ոլորտի հետ։

Ստացվում է, որ ինչպես թիմի ներսում, այնպես էլ արտաքին և ներքին քաղաքական ոլորտներում Նիկոլ Փաշինյանի իշխաննությունը քննադատվում է։

Aravot.am-ում հրապարակվել է 62 հոդված՝ 20-ը՝ բացասական, 2-ը՝ դրական, 40-ը՝ չեզոք։

Լրատվականը փաստացի անդրադարձել է տասնօրյակի ընթացքում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը քննադատող գրեթե բոլոր թեմաներին։ Հարցազրույցներից մեկի ժամանակ փաստաբան Արայիկ Պապիկյանը նշել է՝ «Սերժ Սարգսյանի ժամանակ կայուն վատ էր, հետո՝ կառավարելի քաոս, հիմա անկառավարելի քաոսում ենք»։

Armlur.am-ում հրապարակվել է 49 հոդված՝ 7-ը՝ բացասական, 5-ը՝ դրական, 37-ը՝ չեզոք։

Փաստացի Նիկոլ Փաշինյանը քննադատության է արժանանում նաև սեփական թիմակցին պատկանող լրատվականով։ Լրատվականը տարաբնույթ հարցազրույցներ է իրականացրել տարբեր քաղաքական գործիչների հետ, որոնք իրենց հերթին քննադատել են Փաշինյանի տնտեսական և արտաքին քաղաքականությունը։

A1plus.am-ում հրապարակվել է 43 հոդված՝ 4-ը՝ բացասական, 1-ը՝ դրական, 38-ը՝ չեզոք։

Լրատվականն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի մեկամյա վատ կառավարման «Ժառանգության» թեզին և վերահրապարակել է Շարմազանովի քննադատությունն ուղղված Նիկոլ Փաշինյանին։ Պետք է նշել, որ լրատվականը սեփական կոնտենտ չի ստեղծել։

Yerkir.am-ում հրապարակվել է 38 հոդված՝ 16-ը՝ բացասական, 0-ը՝ դրական, 22-ը՝ չեզոք։

Լրատվականը երկրորդ տասնօրյակն է, ոչ մի դրական քայլ չի տեսնում Նիկոլ Փաշինյանի կառավարության ընթացքում։ Ոմանք սա դիտարկում են որպես քաղաքական որոշում, «Մեդիա Պաշտպանը» հորդորում է պահպանել լրագրողական էթիկայի կաննոները։

Azatutyun.am-ում հրապարակվել է 21 հոդված՝ 1-ը՝ բացասական, 2-ը՝ դրական, 18-ը՝ չեզոք։

Կայքը հրապարակել է ՀՀԿ-ի հայտարարությունը կապված Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հետ։ Հայտարարության մեջ նշված է, որ դա քաղաքական վրեժխնդրություն է։ Հարթակ է տրամադրվել նաև ՀՀ-ում Ռումինիայի դեսպանին, ով հայ-ռումինական հարաբերությունները բարձր է գնահատել և հավելել է, որ թավշյա հեղափոխությունը հայ-ռուինական հարաբերությունների վրա դրական է ազդել։

Ունենք մի իրավիճակ, երբ կայքերից մեկը գրավել է բացարձակ ընդդիմադիր կեցվածք, իսկ թիմակից կայքն ավելի շատ է սկսել քննադատել Փաշինյանին։ Հաշվի առնելով նաև ՔՊ թիմի ներսում ընթացող խմորումները, որոնց մասին լրատվականները վաղուց են գրում, Փաշինյանը պետք է վերանայի իր գործողություններն ու սեփական թիմի անդամների հետ իրականացվող աշխատանքները։