Հասարակությունն ու մամուլը Հայկ Մարությանին հիշեցնում են խոստումները

2019թ-ի հունիսի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 225 հոդված, որոնցից 57-ը եղել է բացասական, 8-ը՝ դրական, 160-ը՝ չեզոք։

Քաղաքապետ Հայկ Մարությանն առաջին անգամ է ներառվել մեր մշտադիտարկման ցանկում։ Առաջին տասնօրյակը բարենպաստ չէր Մարությանի համար։ Քաղաքապետի մասին բացասական հոդվածները վերաբերում են տարաբնույթ հարցերի։ Հասարակակությունը և լրատվականները վերհիշել են Հայկ Մարությանի նախընտրական խոստումները և դրանք համադրում են ներկա վիճակի հետ։ Համացանցում և լրատվականներում կարելի է հանդիպել բազմաթիվ հրապարակումների, որոնք վերաբերում են աղբահանության խնդիրն, ինչի համար  մեղադրում են քաղաքապետին։ Առանձին քննարկման և բողոքի թեմա դարձավ Հայկ Մարությանի վերջերս արված հայտարարությունը՝ ըստ որի 60 կմ ժամ քաղաքային արագությունը պետք է իջեցվի 50 կմ ժամի։ Այստեղ տարբեր մեկնաբանություններ եղան, որոնց մեջ դրականը քիչ էր։

Բողոքները վերաբերում են նաև տրանսպորտի ցանցին։ Այն, ըստ մամուլի, որևէ բարեփոխման չի ենթարկվել ու սա ևս մեկ անգամ ներկայացվում է  Հայկ Մարությանի խոստումների և իրականության հակասության համատեքստում։ Խնդիրներ կան նաև տենդերների հետ կապված։ Աղբահանության, կամազների գնման հարցի հետ կապված լրատվականները գրում են, որ 60 մլն. դրամ է անհետացել։

Դրական է, որ քաղաքապետին քննադատում են ոչ թե անձնական հարցերի, այլ քաղաքային խնդիրների համար։ Բացասական է, որ քաղաքային խնդիրներն, ըստ մամուլի, գնալով ավելանում են, իսկ լուծումները հապաղում։