Լրատվամիջոցների ֆինանսավորման սխեմայի առաջարկ

Հայաստանի առաջին տիկին, Հայաստանի առաջատար լրատվամիջոցներից մեկի (country rank № 103) գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը Բեյրութում կայացած հայ մամուլի համահայկական համագումարի ընթացքում անդրադարձել է հայկական լրատվամիջոցների հիմնախնդիրներին։ Որպես կարեւորագույն խնդիր՝ նա կրկին նշել է լրատվամիջոցների ֆինանսավորման եւ ֆինանսավորման թափանցիկության հարցը։

Նոր Հայաստանի համար լրատվամիջոցների թափանցիկության խնդիրը մնում է որպես idee fix, և այս հանգամանքը հիմնավորվում է նրանով, որ հաճախ շատ քաղաքական ուժեր, օլիգարխներ, օտարերկրյա գործակալներ նյութապես օժանդակում են մամուլի տարբեր օրգաններին, իսկ այսպիսի մամուլն էլ հրապարակում է այնպիսի լուրեր եւ մեկնաբանություններ, որոնք բխում են ոչ թե ժողովրդի շահերից, այլ այս գործակալների ու օլիգարխների կամքից։

Իհարկե, կան նաեւ ժողովրդի իղձերն ու ցանկություններն արտահայտող լրատավամիջոցներ․ նոր իշխանության 20-25%-ը նախկին լրագրողներ են՝ թերեւս հենց այսպիսի ժողովրդական թերթերից։

Տիկին Հակոբյանը, որպես ֆինանսավորման հիմնախնդրի լուծման տարբերակ, առաջարկում է բաժանորդագրությունը։ Կարծում ենք, որ այն ոչ միայն որոշ չափով կխաթարի կարեւոր տեղեկատվության տարածումը, այլեւ՝ բնակչության ցածր վճարողունակության պատճառով, էապես չի լուծի մամուլի խնդիրները։

Որպես լրատվամիջոցների ֆինանսավորման ավելի հաջող տարբերակ՝ կարելի է դիտարկել այն փորձը, որն այս ընթացքում արդեն կուտակել է առողջ, ժողովրդական մեդիան։ Անհրաժեշտ է ամեն լրատվամիջոցին կից ստեղծել բարեգործական հիմնադրամ, որտեղ իրենց կամավոր մուծումները կանեն քաղաքացիները, դրանով իսկ լրատվամիջոցը կդառնա ժողովրդական, ավելին՝ ժողովրդավարական։

Այս դեպքում պետք չէ խուսափել նաեւ կրիմինալ փողերից, պետական բյուջեից կատարած հափշտակություններից, որովհետեւ, ինչպես բազմիցս նշել է տիկին Աննա Հակոբյանը, այս դեպքում կարեւորն այն է, որ այս գումարները կծառայեն բարի նպատակի։ Ֆոնդերում իրենց ներդրումները կարող են կատարել նաեւ օլիգարխները, որոնք արդեն կարող են համարվել պարզապես սեփականատերեր, որոնք մեր տնտեսության բարգավաճման հիմնասյունն են։ Օտարերկրյա գործակալների կողմից ֆինանսավորումը կարող է նշվել «անանուն» անվան տակ, այսինքն՝ ինկոգնիտո նվիրատվությունը լիովին ընդունելի ձեւ է Նոր Հայաստանի հիմնադրամներում։

Աղասի Ենոքյան