Հորդորում ենք պահպանել հավասարակշիռ վերաբերմունք

Հունիսի 27-ի «Ազատության» լրատվական կենտրոնն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությանը։ https://www.youtube.com/watch?v=0cwZ419WCog

«Ազատության» հեռուստամեկնաբանը հարցադրում է անում՝ «արդյոք մեկ ու կես ամիս ազատության մեջ գտնվող երկրորդ նախագահը որևէ կերպ ազդե՞լ է դատական գործընթացի վրա»։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հետ հարցազրույցի ընթացքում վերջինս պնդում է, որ դատարանի որոշումը ճիշտ էր․ «Քոչարյանը կարող էր ազդել պրոցեսների վրա՝ հաշվի առնելով իր կերպարը… Իր կերպարը՝ նույնիսկ սատկած առյուծի ուսերին նստած, տեսակ է։ Բնականաբար մտավախություններ կան»։ Անդրանիկ Քոչարյանը հիշեցում է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու առաջին ատյանի դատարանի որոշումը․ «Տպավորություն կար, որ մինչև որոշման հրապարակումը Քոչարյանն ու նրա թիմը գիտեին որոշման մասին, ինչը ցույց է տալիս, որ նրանք կարողացել էին ազդել այդ դատավորի վրա»։

Հատկանշական է, որ այդ օրվա թողարկման ընթացքում և լրատվական ծառայության հրապարակումներում բացակայում է հակառակ կողմի կարծիքը ներկայացնող որևէ նյութ։

«Ազատություն» լրատվական ծառայությանը հորդորում ենք նման պնդումներ պարունակող նյութերում պահպանել հավասարակշիռ վերաբերմունք՝ փորձելով ներկայացնել նաև հակակշռող կարծիք, այլապես՝ խախտվում են լրագրողական էթիկայի սկզբունքները։