Լրատվական դաշտն ու քաղաքական գործիչները բաժանվել են երկու մասի

2019թ-ի հունիսի 13-ից 27-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 2915 հոդված, որոնցից 824-ը եղել է բացասական, 771-ը՝ դրական, իսկ 1302-ը՝ չեզոք։

ՀՀ երկրորդ նախագահի մասին 15 օրվա ընթացքում բավական շատ հոդված է գրվել։ Բացասական հոդվածները գերակշռում են, բայց դրականերն էլ են բավականին շատ։  Լրատվական դաշտն ու քաղաքական գործիչները բաժանվել են երկու մասի։ Ռոբերտ Քոչարյանին իշխանության ներկայացուցիչները և իշխանությանը սատարող մարդիկ քննադատում են նախկին գործունեության համար, նրան են վերագրվում բազմաթիվ մեղսագործություններ։ Երկրորդ նախագահի համար ամենամեծ խնդիրը, սակայն, մարտի 1-ի դեպքերի դատավարությունն է, որով նրան մեղադրում են սահմանադրական կարգը 2008 թվականի մարտի 1-ին տապալելու մեջ։  Քոչարյանական թևը ներկայացնում է երկրորդ նախագահի անցած մարտական ուղին, հարցազրույցի ժամանակ երկրորդ նախագահն ինքն իր ձեռքբերումների, տնտեսական աճի ու աղքատության նվազեցման մասին խոսեց։

Բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց նաև Ռոբերտ Քոչարյանի և ՌԴ դեսպանի հետ հանդիպումը։ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցները դա բնութագրել են՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի աջակցույթուն, իսկ իշխանության ներկայացուցիչները որպես ՀՀ ներքին հարցերին միջամտություն, ապա հանդիպում տեղի ունեցավ ՀՀ ԱԳՆ-ի և ՌԴ դեսպանատան ներկայացուցիչների միջև։ Այս դեպքերից հետո ռուս քաղաքագետ Կոլերովն իր հարցազրույցներից մեկում, ասաց, որ անձամբ Պուտինն է աջակցություն հայտնել Քոչարյանին։

Հետաքրքրական է, որ մինչև Ռոբերտ Քոչարյանի կալանավորման օրը, բացասական հոդվածները կրկնակի գերազանցում էին դրական հոդվածներին, և միայն կալանավորումից անմիջապես հետո  մերձկառավարական մամուլը դադարեցրեց բացասական հոդվածների հրապարակումները։ Այսպիսով՝ պայքարն ընթանում է մամուլն օգտագործելով սեփական շահերի համար։