Որոշ լրատվամիջոցներ ակնհայտ միակողմանի են ներկայացնում իրադարձությունները

2019 թ-ի հունիսի 11-20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 5 լրատվական կայք՝ azatutyun.am-ը, armtimes.com-ը, 1in.am-ը, yerkir.am-ը և a1plus.am-ը։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 409 հոդված, որոնցից 61-ը եղել է բացասական, 23-ը դրական, 325-ը՝ չեզոք։

Այս տասօրյակում վարչապետի մասին ընտրված 5 կայքում բացասական հոդվածները 3 անգամ գերակշռում են։ Փաշինյանին քննադատել են ՔՊ համագումարում տեղի ունեցած ելույթի համար, հատկապես, «իզմերից» հրաժարվելու թեզով։

Քաղաքական գործիչները և մամուլը նշում են, որ բոլոր «իզմերի» հրաժարումից հետո առաջ է գալիս մեկ «իզմ», որը կոչվում է Պոպուլիզ։ Առհասարակ, ՔՊ հերթական համագումարը բուռն քննադատությունների տեղիք տվեց։ Սասուն Միքայելյանի ՔՊ վարչության անդամ չընտրվելն էլ մամուլը որակեց որպես Նիկոլ Փաշինյանի անձնական վրեժխնդրությունը Սասուն Միքայելյանից։

Լրատվականները գրում են, որ իրավապահ մարմիններում Նիկոլ Փաշինյանի տարբեր հրահանգներից սկսել է դժգոհություն առաջանալ։ Հատկապես զայրացած են ԱԱԾ աշխատակիցները, որոնք այլևս չեն հանդուրժում ամեն առիթով հնչող հրամանները։

Բացի այդ, լրատվականներում նշված է, որ մենաշնորհների, այսպես ասած, «տանիքներն» են վերացվել, իսկ օրենսդրության մեջ որևէ փոփոխություն չկա։

Լրատվականները շարունակում են քննադատել Փաշինյանին իր վարած կադրային քաղաքականության համար։ Այս կոնտեքստում քննադատվեց նաև ՍԴ նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանը։ Լրատվականները վերհիշել են ՀՔԾ և ԱԱԾ պետերի գաղտնալսված խոսակցությունը, որտեղ հնչում է Վահե Գրիգորյանի անունը, սրա հետ կապված հակասական կարծիքներ եղան։Մամուլի հրապարակումներում կարելի է գտնել նաև թեզ, ըստ որի, Վահե Գրիգորյանի անձին նաև ՔՊ-ում միանշանակ չեն վերաբերվում։
1in.am-ում գրվել է 155 հոդված՝ չեզոք՝ 109, բացասական՝ 32, դրական՝ 14։
Այս տասնօրյակում 1in.am-ում բացասական հոդվածների և հարցազրույցներում բացասական կարծիք հայտնողների հիմնական ուղղությունները եղել են Վահե Գրիգորյանի ՍԴ դատավոր ընտրվելը։ Լրատվականներում քննադատում են դատարանների մուտքերն արգելափակելու կոչը։ Բացասական հոդվածների կոնտեքստում հիշատակվում է նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը, քննարկվում է վարկածը, ըստ որի նա կարող է դառնալ նախագահ ու այդ ամենի համար քննադատվում է Նիկոլ Փաշինյանը։

Armtimes.com-ում գրվել է 81 հոդված՝ չեզոք՝ 75, բացասական՝ 0, դրական՝ 6
Կայքում որպես դրական նշվել է Դիլիջան-Իջևան ճանապարհի վերանորոգումը։ Կայքի հարցազրույցներից մեկում վերհիշել են վարչապետի Վրաստան այցը, որը ևս դրական է գնահատվել։ Չեզոք հոդվածների մեծ մասը վարչապետի ֆեյսբուքյան գրառումներն են, որոնցով վարչապետը հիմնականում պատասանում է քննադատություններին կամ պաշտոնական հանդիպումների մասին հաղորդագրություններն են։
Yerkir.am-ում գրվել է 79 հոդված՝ չեզոք՝ 54, բացասական՝ 25, դրական՝ 0։
Կայքը մեղադրում է Փաշինյանին ՀՀԿ և ՀՀՇ ճանապարհը շարունակելու մեջ։ Լրատվականում է հայտնվել այն միջադեպը, երբ քաղաքացիներից մեկը գառը կապել էր կառավարության շենքի մոտ և նշել էր, որ այն նվիրում է վարչապետին, այդպիսով փորձել էր իր բողոքը հայտնել կառավարությանը։ Քնադատվել է նաև «իզմերից» հրաժարումը և օրինագիծը, որով իշխանավորներին վիրավորելը կարող է քրեականացվել, որով մշտապես աչքի է ընկել Նիկոլ Փաշինյանը։

A1plus.am-ում գրվել է 48 հոդված՝ չեզոք՝ 44, բացասական՝ 3, դրական՝ 1։
Կայքը հիմնականում փորձել է չեզոքություն պահել և տեղադրել է ընդդիմադիր գործիչների կարծիքներ, մասնավորապես, քննադատվել է Վահե Գրիգորյանն ու Նիկոլ Փաշինյանը։ Որպես դրական նշված է Հիքմեթ Հաջիևի հարցազրույցը «Ամերիկայի ձայնին», որտեղ դիվանագետը նշել է, որ Փաշինյանը տարբերվում է Քոչարյանից և Սարգսյանից և դա դրական լույսի ներքո է ներկայացրել։

Azatutyun.am-ում գրվել է՝ 46 հոդված, չեզոք՝ 43, բացասական 1, դրական՝ 2։
Բացասական հոդված համարվել է Վիտալի Բալասանյանի խոսքի մեջբերումը։ Բալասանյանն անվստահություն էր հայտնել Փաշինյանին։ Դրական է եղել Սուրեն Պապիկյանի հարցարույցը, որտեղ Պապիկյանը նշում է, որ ՔՊ վարչության նախագահից Նիկոլ Փաշինյանի ինքնաբացարկը վկայում է, որ իրենց կուսակցությունում սուպերլիդերը բացառվում է։

Armtimes.com-ն այնուամենայնիվ երկու տասնօրյակ շարունակ որևէ բացասական հոդված չի հրապարակել Փաշինյանի գործունեության վերաբերյալ։ Մեր մշտադիտարկման կայքերի հնգյակին միացած Yerkir.am-ը որևէ դրական քայլ չի նկատել, մնացած կայքերը փորձել են այս կամ այն կերպ չեզոքություն պահպանել։ Վերը նշված կայքերին, որոնք ակնհայտ միակողմանի են ներկայացնում իրադարձությունները, «Մեդիա Պաշտպան» նախաձեռնութունը կոչ է անում առաջնորդվել ոչ թե քաղաքական նախասիրություններով, այլ պահպանել լրագրողական էթիկայի կանոնները։