Արարատ Միրզոյանի գործունեությունը պարբերաբար քննադատվում է

2019թ-ի հունիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։  Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 601 հոդված, որոնցից 124-ը եղել է բացասական, 3-ը՝ դրական, 474-ը՝ չեզոք։

Աժ նախագահի մասին դրական հոդվածներն այս տասնօրյակում ևս քիչ են։ Արարատ Միրզոյանի գործունեությունը պարբերաբար քննադատվում է և այս անգամ քննադատությունները տեղ են գտել Արտաշես Գեղամյանի regnum.ru կայքում հրապարակված հոդվածում։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էլ իր բողոքն է ներկայացրել։ Ըստ Բագրատյանի, Արարատ Միրզոյանը մի քանի փոփոխություններ է կատարել իր օրինագծում և ներկայացրել որպես սեփական։

Ըստ լրատավականների, Արարատ Միրզոյանն իր դիրքերը զիջում է ՔՊ-ում և վերջին ընտրություններից հետո նրա վարկանիշն այդքան էլ բարձր չի եղել։ Նշվում է, որ ՔՊ վարչության նախագահի քննարկման ժամանակ միայն Մխիթար Հայրապետյանն է սատարել Արարատ Միրզոյանին։
Մեր մշտադիտարկման ժամանակահատվածում «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը պարբերաբար հանդիպում է հոդվածների, որտեղ իշխանություններին մեղադրում են հովանավորչության մեջ։ Արտակ Զեյնալյանի հրաժարականից հետո տևական ժամանակ շրջանառվում էին նախարարի պաշտոնին հավակնող մի քանի անուններ։ Ըստ լրատվականների, Արարատ Միրզոյանը ցանկացել է այդ պաշտոնում տեսնել իր քավորին` ԱԺ պետաիրավական մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։ Լրատվականները պնդում են, որ Արարատ Միրզոյանի կարծիքն այդքան էլ կարևոր չեն համարել, խոչընդոտել է նաև փոխվարչապետ Տիգրան Ավինյանը։

Քննադատության է արժանացել նաև ԱԺ նախագահի ՔՊ համագումարում հնչեցրած ելույթը։ Լրատվականները նշում են, որ ԱԺ նախագահի պաշտոնում Արարատ Միրզոյանը բախտի բերմամբ է հայտնվել։

Լրատվականները նշում են նաև, որ վեթինգը պետք է սկսել յուրայիններից։ Գրում են, որ մեկ տարվա ընթացքում Արարատ Միրզոյանի ակտիվները աճել են 3000 տոկոսով։

Քննադատություններից առանձնացրել ենք առավել շեշտադրվածները։ Արարատ Միրզոյանի թիմը պետք է հաշվարկի, որ բացասական հոդվածները տեղ են գտել ոչ միայն ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ ասոցացվող լրատվականներում, այլև՝ իշխանական։