Նախարարը խնդիրներ ունի և սեփական քաղաքական թիմի ներսում և նախարարությունում և հասարակության հետ

2019 թ-ի հունիսի 11-ից 20-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ԱԺ Առողջապահության նախարարի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրվել է 277 հոդված, որոնցից 51-ը եղել է բացասական, 15-ը՝ դրական, 211-ը՝ չեզոք։

Նախորդ տասնօրյակի համեմատ դրական հոդվածներն ավելացել են, սակայն բացասականները դեռ գերակշռում են։ Բացասական է գնահատվել այն հանգամանքը, որ «ԱՐՄԻՆ» բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր Արթուր Սալիբյանին, ով անվճար վիրահատություններ է իրականացնում, նախարարը  չի ընդունել շուրջ 40 րոպե իր աշխատասենյակի ընդունարանում սպասեցնելուց հետո։ Ըստ լրատվամիջոցների, նախարարը քաղաքացիներից մեկի մասին խոսելիս ասել է՝ «պասլատ անեիր քաղաքացուն»։ Այս միջադեպը  չի հերքվել, և դրա շուրջ կրքերը թեժանում են։ Ըստ լրատվականների, ԱՆ-ում պաշտոնանկություններ են սպասվում։ Հետաքրքրական է, որ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածած հայտարարությունում նշված է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն «անհեթեթ մեղադրանքներ» է ներկայացրել տեսչական մարմնին՝ հանրային առողջապահական որոշ ծրագրերի իբր խոչնդոտելու վերաբերյալ:

Արյան դոնորների միջազգային օրվան արյուն հանձնեց նաև Արսեն Թորոսյանը։ Լրատվականները դա գնահատեցին PR քայլ։ Ըստ տարածված լուրերի, Արսեն Թորոսյանի չծառայելը կապված է հիվանդության հետ, որի դեպքում անձի արյունը որպես դոնորային չի կարող  օգտագործվել։

«Գարդասիլի» -ի շուրջ ևս քննարկումները չեն դադարում։ Ըստ լրատվականների, այդ թեմայով վարչապետը կոշտ խոսակցություն է ունեցել Արսեն Թորոսյանի հետ։

Եթե հաշվի առնենք լրատվականների հրապարակումները, ստացվում է՝ Արսեն Թորոսյանը խնդիրներ ունի և սեփական քաղաքական թիմի ներսում և նախարարությունում և հասարակության հետ։