«Մեդիա Պաշտպան»-ը ահազանգ է ստացել politik.am կայքի գլխավոր խմբագրից

Օրերս «Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը ահազանգ ստացավ politik.am կայքի գլխավոր խմբագիր Բորիս Մուրազիից։ Բորիս Մուրազին մեզ ուղարկված նամակում գրել էր. «Օրեր առաջ ինձ զանգահարում են «Հայկական Ժամանակ»-ից և ասում են, որ մեզ մոտ առանց հղման տեղադրվել է իրենց նյութը։ Ես նախապես ներողություն եմ խնդրում, իսկ հետո, երբ պազում եմ, որ տեքստում հղումը պահպանվել է հետ եմ զանգահարում իրենց։ Խոսում եմ և բացատրում եմ, որ հղում եղել է։ Իրենք ասում են, որ պատշաճ հղում չի եղել։ Ես խնդրում եմ իրենց կոնկրետ նշել, թե որ օրենքի, որ կետով է ձևակերպված պատշաճ հղում ասվածը։ Թերթի խմբագիր Լուսինեն վիրավորական տոնով սկսում է բղավել, անկանոն բաներ ասել ու որքանով, որ ձայնից ենթադրում եմ հեռախոսը պատին է հարվածում։ Այս միջադեպից հետո այսօր ինձ զանգահարում են ոստիկանության Էերբունու բաժնից ու ասում են, որ նյութեր են նախապատրաստվում ՀԺ-ից ոչ պատշաճ հղմամբ վերցված նյութի մասով։ Խնդրում են ինձ ներկայանալ ոստիկանություն, ես, բնականաբար, հրաժարվում եմ և ասում եմ, որ կներկայանամ միայն գրավոր ծանուցում ստանալուց հետո»։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը խոսեց նաև «Հայկական Ժամանակ» թերթի խմբագիր Լուսինե Բարսեղյանի հետ։ Տիկին Բարսեղյանն իր խոսքում ասաց. «Հղում պատշաճ չի եղել։ Ի սկզբանե, հղում ընդհանրապես չի եղել, ամբողջ նյութը լուսանկարներով վերցրել են և արտատպել են։ Ես հեղինակին խնդրել եմ, որ զանգահարի և ասի, որ հեռացնեն։ Բորիս Մուրազին բավական ոչ նորմալ տոնով ասել է՝ մենք ենք որոշում կհեռացնենք, թե չենք հեռացնի, երբ լրագրողն ասել է, որ այդտեղ նույնիսկ հղում չկա մեր ամբողջ նյութը դուք գողացել եք, Բորիսն ասել է՝ մենք հղում կտանք և մի քանի րոպեից, այդ ամբողջ նյութի տակ ընդամենն ավելացրել են «Հայկական ժամանակ»։ Դրանից հետո՝ նկատելով, որ տղայական խոսակցություն է սկսել մեր տղայի հետ, ես ինքս եմ խոսել, մոտավորապես նույն տոնով իմ հետ է շարունակել խոսել։ Ես ասել եմ, որ Դուք ինքներդ գիտեք՝ որն է պատշաճ հղումը և չկա որևէ լրատվամիջոց, որ տեղյակ չլինի պատշաճ հղումը որն է»։ Տիկին Բարսեղղյանը հավելեց, որ անձնական վիրավորանք էլ է եղել։ Ըստ խմբագրի, իրենք նաև ֆինանսապես են տուժել և զրույցից հետո հաղորդում են ներկայացրել ոստիկանություն։

«Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը կոչ է անում գործընկերներին չտրվել էմոցիաներին, հարցերը լուծել բարիդրացիական սկզբունքով և չանցնել բարեկրթության սահմանները։ Վատ պրակտիկա է ձևավորվում, երբ լրագրողական համայնքի ներկայացուցիչները ոստիկանության միջոցով են փորձում լուծել հարցերը։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մտահոգ լինելով լրագրողական համայնքում նմանատիպ դեպքերով՝ կողմերին առաջարկում է հանդես գալ որպես երրորդ կողմ և հարցը լուծել գործընկերական և մարդկային սկզբունքներով։ Առաջարկում ենք հարցի լուծման համար հանդիպում կազմակերպել մեր գրասենյակում կամ նախընտրելի մեկ այլ վայրում։