Աննա Հակոբյանի խոսքերը չեն մոռացել

2019 թ-ի հունիսի 1-ից 10-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։

Նշված ժամանակահատվածում հայտարագրել է 81 հոդված, որոնցից 16-ը եղել է բացասական, 7-ը՝ դրական, 58-ը՝ չեզոք։

Հունիսի 1-ին երեխաներին նվիրված միջոցառումը, որը կազմակերպել էր Աննա Հակոբյանը դրական է գնահատվել հասարակության և լրատվականների կողմից, սակայն բացասական հոդվածները շարունակում են գերակշռող լինել։ Պատկերը ցույց է տալիս, որ  Աննա Հակոբյանին չի հաջողվում դրական իմիջ ձևավորել «Իմ Քայլը» հիմնադրամի շուրջ։ Այս անգամ էլ Զարուհի Փոստանջյանն է մեղադրել հիմնադրամից դրամաշորթության մեջ, իսկ, առհասարակ, լրատվականները բազմիցս նշել են, որ վարչապետի տիկնոջ հիմնադրամը բարեգործական նպատակներին չի ծառայում։

Նշվում է, որ Սամվել Ալեքսանյանը և մի շարք գործարարներ Նիկոլ Փաշինյանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում Աննա Հակոբյանի հետ են համագործակցում։ Լրատվականներում նշվում է, որ որևէ առաջին տիկին չէր ուրախանա, եթե իր բարեգործական հիմնադրամին գողացված փողեր փոխանցեին։

Վարչապետի տիկնոջ խոսքերը Արցախի մասին կրկին քննադատվում են։ Նշվում է, որ Նիկոլ Փաշինյանի գործողությունները միտված են բանակը թուլացնելուն և որպես փաստ հիշեցնում են՝ «բոլոր զոհերը անտեղի են» Աննա Հակոբյանի խոսքը։

Վերը նշվածը ցույց է տալիս, որ Աննա Հակոբյանը պետք է վերանայի իր հիմնադրամի գործունեությունը և ավելի զգույշ լինի Արցախյան հակամարտության մասին գնահատականներ հնչեցնելիս։