Մամուլի ազատությամբ զբաղվող շատ կազմակերպություններ հայտնվել են հեղափոխական թիմում և բնականաբար, չեն նկատում խոսքի ազատության հետ կապված շատ խնդիրներ. Աղասի Ենոքյան

Իրականում ի՞նչ մակարդակի վրա է այժմ Հայաստանում մամուլի ազատությունը, արդյո՞ք մամուլի ազատությամբ զբաղվող կազմակերպություններն օբյեկտիվ են և միշտ բարձրաձայնում են խոսքի ազատության խախտման դեպքերի մասին: Այս թեմաների շուրջ Tert.am-ը զրուցել է «Մեդիա Պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանի հետ: Նրա կարծիքով՝ այդ հարցում մեծ է սուբյեկտիվության դոզան:

–Պարո՛ն Ենոքյան, Ձեր ղեկավարած «Մեդիա Պաշտպան» կազմակերպությունը վերջին շրջանում հաճախ է ահազանգեր հնչեցնում խոսքի ազատության խախտումների վերաբերյալ, մինչդեռ այլ լրագրողական կառույցներ, միջազգային կազմակերպություններ, կարծես, ահազանգ չեն հնչեցնում, ավելին՝ անգամ առաջընթաց են նկատում խոսքի ազատության բնագավառներում: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս իրավիճակը:

– Մենք և մյուս կազմակերպություններն ունենք տարբեր նպատակներ, տարբեր մեթոդաբանություն և տարբեր թիրախներ։ Առաջին՝ մամուլի ազատությամբ զբաղվող շատ կազմակերպություններ օրենսդրություն են մշակում, զբաղվում են լրագրողների հանդեպ բռնությունների հարցերով և նման սպեցիֆիկ խնդիրներով, մինչդեռ մեր առաքելությունն այլ է՝ մենք հետևում ենք Հայաստանում մամուլի շուրջ զարգացումներին և ահազանգում ենք անգամ ամենափոքր խնդիրների դեպքում։ Ես շատ լավ հասկանում եմ, որ այժմ Հայաստանն ունի նվազագույն իմունիտետ բոլոր բնագավառներում, այդ թվում և՝ խոսքի ազատության, և եթե անմիջապես չարձագանքես ծագած խնդիրներին, ապա շատ կարճ ժամանակի ընթացքում այն կարող է դառնալ անհաղթահարելի։ Մամուլը շատ հաճախ է հայտնվում իշխանությունների հարձակման թիրախում և մենք պարտավորված ենք զգում ահազանգել անգամ պոտենցիալ վտանգի դեպքում։

Երկրորդ՝ այլ կազմակերպություններ շատ հաճախ ավելի պատասխանատու են իրենց ֆինանսավորողների առաջ, մինչդեռ մենք համարում ենք, որ առաջին հերթին պետք է զեկուցենք մեր հասարակությանը և լրագրողական հանրությանը։ Մենք աշխատում ենք ոչ թե զեկույցների «դեդլայնների» շրջանակներում կամ իրադարձությունից իրադարձություն, այլ ամենօրյա ռեժիմով, այդ պատճառով էլ ավելի հաճախ են մեր զեկույցներն ու հայտարարությունները հայտնվում մամուլի էջերում։

Երրորդ՝ մամուլի ազատությամբ զբաղվող շատ այլ կազմակերպություններ, որ նախկինում մաս էին կազմում քաղաքացիական հասարակությանը, այժմ հայտնվել են հեղափոխական թիմի կազմում։ Բնական է, որ նրանք չեն նկատում խոսքի ազատության հետ կապված շատ պրոբլեմներ, որոնց մասին նախկինում իրենք ահազանգեր կհնչեցնեին։

Ինչ վերաբերում է մամուլի ազատության վերաբերյալ տարբեր գնահատականներին, ապա ես չէի ցանկանա մեկնաբանել վարչապետի հայտարարությունը, թե մամուլն այժմ ավելի ազատ է, քան երբևէ, քանի որ կարծում եմ՝ այս հարցում գործադիր իշխանության գնահատականը միշտ կողմնակալ պետք է լինի, ավելին՝ այդպիսի գնահատական տալը ցանկալի չէ։ Միջազգային զեկույցների մասին ասեմ, որ մեր կազմակերպությունը նոր է, մենք չունենք տարիների տվյալների բազա, որպեսզի համեմատական վերլուծություններ անենք։ Մյուս կողմից, միջազգային զեկույցները կազմվում են տեղական էքսպերտների կողմից կամ խորհրդատվությամբ, ճիշտ է՝ միջազգային մեթոդաբանությամբ։ Սակայն վերը նշած պատճառներով, կարծում եմ, այնտեղ կարող է առկա լինել սուբյեկտիվիզմի մեծ դոզա։

– Պարոն Ենոքյան, վերջերս ՀՀ կառավարությունը հանրությանը ներկայացրեց Վենետիկի հանձնաժողովի կողմից ներկայացված փաստաթղթի խմբագրված տարբերակը՝ որպես բնօրինակ։ Ինչպե՞ս եք վերաբերվում այդ փաստին և ինչպե՞ս վերահաղթահարել նման խնդիրները։

–Ընդհանրապես միջազգային հանդիպումների վերաբերյալ տեղեկատվության, տարբեր երկրների և միջազգային կազմակերպությունների հայտարարությունների աղճատումն ու վերաձևակերպումը մեծ վտանգներ է պարունակում։ Հիշենք, որ դեռևս 19-րդ դարում, որը չես անվանի ինֆորմացիոն դարաշրջան, ֆրանս-պրուսական պատերազմը բռնկվեց կեղծված հեռագրի առիթով։ Այժմ մենք շատ հաճախ ենք ականատես լինում իրավիճակների, երբ մեր երկրի գործընկերները դեռևս մեղմորեն շտկում են այն միակողմանի տեղեկատվությունը, որ Հայաստանի ղեկավարները ներկայացնում են իրենց և այլ երկրների գործընկերների շփումների վերաբերյալ։

Մի կողմից, սրա պատճառները հասկանալի են, քանի որ Նոր Հայաստանի կառավարիչները ավելի շատ մտահոգված են իրենց էլեկտորատը չկորցնելու և ներքին լսարանի վրա ազդեցություն գործելու խնդիրներով։ Սակայն մենք ապրում ենք այնպիսի դարաշրջանում, երբ նման աղճատված ինֆորմացիան վայրկենապես հայտնվում է նաև մեր միաջազգային գործընկերների մոտ, և նրանք ուրախ չեն լինում, երբ իրենց վերաբերյալ Հայաստանի կառավարությունը կեղծ ինֆորմացիա է տարածում։ Կարծում եմ, ժամանակն է, որ Հայաստանի ղեկավարները սովորեն, որ իրենք ոչ միայն հանրահավաք են կառավարում, այլև միջազգային «ակտոր» են։

Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի հայտարարության՝ իշխանությունների համար ցանկալի ձևով խմբագրված լինելու, և այն որպես բնօրինակ ներկայացնելու դեպքին, ապա այդ դեպքից դրդված մեր նախաձեռնությունը դիմեց միջազգային կազմակերպություններին և տարբեր դեսպանատների՝ կոչ անելով մամուլի հետ աշխատել ուղիղ և ոչ կառավարության միջնորդությամբ։

Մեր հերթին, մենք էլ պատրաստ ենք նպաստելու նման տեղեկատվությունը թարգմանելու և տարածելու առաքելությանը։

Սկզբնաղբյուրը՝ Tert.am